Թուրքական դատարանը այսօր որոշում է կայացրել բացել YouTube տեսանյութերի կայքը 2.5 տարվա արգելքից հետո: Այս մասին տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները` հղում կատարելով երկրի դատական իշխանությանը:
YouTube-ն արգելվել էր Թուրքիայում 2008 թվականի մայիսից մի շարք տեսահոլովակների պատճառով, որոնք, թուրքական իշխանությունների կարծիքով, վարկաբեկում էին թուրքական հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին: Թուրքիայում դա որակվում է որպես քրեական հանցագործություն:
YouTube-ի վերաբացման հնարավորության մասին լրագրողներին տեղեկացրել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յիլդիրիմը` դատական որոշումից ժամեր առաջ:
Նախարարը նշել է, որ «Թուրքիան իրավական պետություն է, որտեղ բոլորը պետք է հարգեն օրենքը»: