Տասը տարի առաջ` 2000 թվականի հոկտեմբերի 31-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունեց կանանց, խաղաղության և անվտանգության մասին թիվ 1325 բանաձևը, որի նպատակն էր ապահովել կանանց ներգրավվածությունը հակամարտությունների կարգավորման և կանխարգելման գործընթացներում, խաղաղ բանակցություններում, խաղաղարար և մարդասիրական գործունեությանը, ինչպես նաև հաշվի առնել գենդերային կողմը խաղաղության կերտման, վերկանգնման և պահպանման հետ կապված տարատեսակ գործընթացներում: Բանաձևի 10-ամյակին նվիրված իր խոսքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նշել է, որ «1325 բանաձևը ստիպեց ընդունել կանանց դերը խաղաղության և անվտանգության հարցում»:
Հասարակական գործունեությանը Հարավային Կովկասի կանանց ներգրավվածության անհրաժեշտության մասին նույնպես հաճախ է խոսվում:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտեն այդ ուղղությամբ հստակ միջոցառումներ է ձեռնարկում: Նման միջոցառումների արդյունքների մասին Epress.am-ին պատմել է կոմիտեի համանախագահ Նատալյա Մարտիրոսյանը:
2010թ. մարտին Հայաստանում մեկնարկել է «Կանանց հնարավորությունների ամրապնդումը Հարավային Կովկասում խաղաղության կառուցման համար» եռամյա նախագիծը, որը ֆինանսավորվում է Եվրամիության և մասամբ Ավստրիական զարգացման համագործակցության կողմից:
Նախագիծն իրականացվում է ՄԱԿ-ի 1325 բանաձևի 10-ամյակի շրջանակներում, որը նշվում է հոկտեմբերի 31-ին: 1325 բանաձևը նախատեսում է կանանց հանդեպ յուրաքանչյուր տեսակի խտրականության վերացում:
Կովկասում ծրագիրն իրականացվում է CARE կազմակերպության կողմից` հինգ գործընկերների աջակցությամբ: Նրանց թվում են` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտեն, Աբխազիայի կանանց ասոցիացիան, Վրաստանի ստիպողաբար տեղաշարժված կանանց «Համաձայնություն» ասոցիացիան, Ադրբեջանի «Կանանց ինստիտուտի» Կանանց խնդիրների հետազոտության կենտրոնը և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնը:
Որպես նախագծի հիմնական նպատակ Նատալյա Մարտիրոսյանը նշել է կանանց ակտիվ ներգրավվածությունը հակամարտությունների կարգավորմանը: Նախագիծն իրականացվում է Հարավային Կովկասի` հակամարտություններից առավել տուժած շրջաններում, իսկ հիմնական նպատակն է, ըստ կոմիտեի նախագահի, օգնել կանանց վստահություն ձեռք բերել սեփական ուժերում:
Միջոցառումները հիմնականում անցկացվել են ռազմական գործողություններից առավել տուժած շրջաններում: Հայաստանում նախագծի համար ընտրվել են Նախիջևանի սահմանին գտնվող Խաչիկ գյուղը, ինչպես նաև Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքները և Կոռնիձոր գյուղը:
Նախաձեռնող խմբերը տեղում մի շարք թրեյնինգներ են ացկացրել, որոնք ուղղված էին տեղի կանանց մոտ առաջատարի որակների զարգացմանը, ինչպես նաև կանանց` գենդերային խնդիրներին ծանոթացնելուն: Կազմակերպիչներն առավել մեծ ուշադրություն են դարձրել կանանց իրացունքների խնդրի վրա:
ՏԵՍԱՆՅՈՒԹ` http://epress.am/FVideo.aspx?vdid=76
«Հարավկովկասյան տարածաշրջանի համար սա առանձնահատուկ խնդիր է, և կանանց ներգրավվածության մեծացումը հասարակական կյանքում կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար», – ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտեի համանախագահը:
Սիսիանում, օրինակ, կազմակերպվել է տեղի կանանց գործերի ցուցահանդես, որի շնորհիվ տնային տնտեսուհիները հնարավորություն են ստացել դրսևորել իրենց կարողությունները: Ցուցահանդեսին ներկայացված էին կանանց կողմից պատրաստված կավե իրեր, տարբեր տեսակի գործվածքներ, ինչպես նաև անցկացվել են մի շարք քննարկումներ` տարբեր խնդիրների վերաբերյալ:
ՏԵՍԱՆՅՈՒԹ` http://epress.am/FVideo.aspx?vdid=77
Կազմակերպիչների խոսքով` նշված բնակավայրերում կյանքը կտրուկ ակտիվացել է. կանայք փորձում էին հնարավորինս արագ վերջացնել տան գործերը և ներգրավվել քննարկումներին: Առավել ակտիվները, ժամանակի ընթացքում վստահություն ձեռք բերելով սեփական ուժերում, անգամ սկսել են հանդես գալ սեփական առաջարկներով և նախաձեռնություններով:
Կոռնիձորի կանայք բողոքում էին, որ արդեն 12 տարի է` իրենց ոչ ոք չի այցելում մայրաքաղաքից. նրանց գոյության մասին հիշում են ընտրություններից ընտրություն: Կանայք այս գյուղում մեծ ոգևորվածությամբ են արձագանքել անցկացվող միջոցառումներին, իսկ նրանցից ամենաակտիվներն անգամ պատրաստակամություն են հայտնել գալ Երևան` նախագծի այլ մասնակիցների հետ ծանոթանալու համար:
Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանք միշտ չէ, որ միանշանակ են ընդունել նման նախաձեռնությունը: Կազմակերպիչները դա բացատրում են նրանով, որ ամուսինները «սովոր չեն տեսնել իրենց աչքի առաջ փոփոխվող կանանց, որոնք, տան տնտեսությունից բացի, այլ հետաքրքրություններ են ձեռք բերել»:
Ի դեպ, ծրագրի շրջանակներում 400 մարդականց շրջանում հարցումներ են անցկացվել` կապված ՄԱԿ-ի 1325 բանաձևի հետ: Հայաստանում հարցումներին մասնակցել է 77 մարդ ինչպես Երևանից, այնպես էլ 4 համայնքներից, որտեղ իրականացվել է ծրագիրը:
«Պատրա՞ստ եք այսօր քվեարկել կին-նախագահի օգտին» հարցին 18 տոկոսը պատասխանել է` «այո, մեծ պատրաստակամությամբ, բայց կանայք իրենց թեկնածությունը չեն առաջադրում», 44 տոկոսը «պատրաստ է» քվեարկել, 32 տոկոսը բացասական պատասխան է տվել, իսկ 5-ը դժվարացել է պատասխանել:
«Ով է ավելի շատ բան արել պատերազմից հետո հասարակությունը վերականգնելու համար» հարցին 26 տոկոս կանայք նշել են տղամարդկանց, 18 տոկոսը` կանանց, իսկ հարցվածների գրեթե կեսը` 49 տոկոսը հավասար են գնահատել կանանց և տղամարդկանց դերը: 6 տոկոսն այդ հարցում չի կողմնորոշվել:
Ինչպես մեզ տեղեկացրեցին նախագծի կազմակերպիչները, իրենք նախատեսում են այս տարի համայնքների համար հրապարակումներ պատրաստել, որոնք գրելու են մասնակից կանայք:
«Մենք այս ամենը հրատարակելու ենք և տարածելու ենք բոլոր համայնքներում», – ասել է Նատալյա Մարտիրոսյանը:
Նյութերը թարգմանվելու են ռուսերեն և անգլերեն լեզուներով, որպեսզի նախագծի մասնակից այլ երկրներում նույնպես կարողանան ծանոթանալ դրանց հետ: