Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ բնապահպան Մարիամ Սուխուդյանի հայցի քննարկումը:
Հիշեցնենք, որ հայցը անմեղության կանխավարկածի խախտման արդյունքում բարոյական վնասի փոխհատուցման պահանջի մասին է: Դեռևս անցյալ տարի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ Մարիամ Սուխուդյանը սուտ մատնություն է իրագործել` հայտարարելով, որ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանը սեռական ոտնձգություններ է իրագործել անչափահաս աշակերտների նկատմամբ: Հետագայում ուսուցչի մեղքն ապացուցվել էր, և նա դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման, իսկ Սուխուդյանի գործը կարճվել էր:
Նշենք, որ այսօրվա դատական նիստին հայցը նախապատրաստական փուլի շրջանակներում քննվեց, դատարանը ծանոթացավ գործի մանրամասներին:
Դատական նիստից հետո Մարիամ Սուխուդյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրել է, որ մինչև իր գործի կարճվելը, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Հ1-ով հայտարարել էր, որ ինքը հանցագործ է: Բնապահպանը նաև պատմել է, որ Ոստիկանության լրատվության և հասարակայնության բաժնի պետ Սայաթ Շիրինյանը հեռախոսազրույց է ունեցել մի լրագրողի հետ և, խոսելով ի պաշտպանություն Մարիամ Սուխուդյանի` 20 հ/կ-ների ներկայացրած պահանջագրերի մասին, ասել էր. «Այդ պահանջագիրը զուգարանի թուղթ է, նա հանցագործ է, այ կգաք դատարանի դեմը կչոքեք, կխնդրեք, որ կարճենք հանցագործի նկատմամբ մեղադրանքը»,- լրագրողների հետ զրույցում Շիրինյանի խոսքերը մեջբերեց Սուխուդյանը:
Մարիամ Սուխուդյանը վրդովված է, որ իր մեղադրանքը դեռ հաստատված չի եղել, ու ոստիկանապետը և Շիրինյանը հանդես են եկել մեղադրական հայտարարություններով:
«Բայց նախաքննության փուլում իրավունք չունես ասես` ինքն արդեն հանցագործ է ու մեղադրվում է անչափահաս երեխաներին զրպարտության կամ սուտ մատնության դրդելու համար, այսինքն ինքը ոչ միայն իմ անմեղության կանխավարկածն է խախտել, այլ նաև ուղղորդել է նախաքննական մարմնին, դա ավելի լուրջ հարց է, այն էլ, երբ հայտարարում է ոստիկանապետը: Դրա համար էլ ես որոշեցի տրամաբանական ընթացք տալ այս գործին: Այդ քայլը իրենց համար էլ է լավ, որովհետև ոստիկանության իմունիտետը շատ է ընկած, և սա շատ լավ առիթ է այն բարձրացնելու համար»,- ասել է Սուխուդյանը:
Սուխուդյանի խոսքով` եթե իր հայցը Հայաստանում չբավարարվի, իրենք մինչև Եվրոպական դատարան գնալու են:
Սուխուդյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն էլ կարծիք է հայտնել է, որ դատարանն արդար դատական ակտ կկայացնի:
Նշենք նաև, որ որպես պատասխանող կողմ ոստիկանությունից ներկա էր ոստիկանության մայոր Գայանե Գասպարյանը, ով լրագրողների հետ զրույցում ասել է.
«Խոսքը լրագրողական էթիկային էր վերաբերվում, որովհետև Սայաթ Շիրինյանը հեռախոսազրույց է ունեցել լրագրողի հետ և նախապես չի տեղեկացրել` այն տպագրվելու է, թե ոչ: Հայցի շրջանակներում ասեմ, որ Մարիամ Սուխուդյանի մեղավորության վերաբերյալ Սայաթ Շիրինյանն իր կարծիքը չի հայտնել, այլ այն պահանջագրերի վերաբերյալ, որոնք ներկայացրել են Մարիամ Սուխուդյանին աջակցող հ/կ-ները»:
Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 15-ին, ժամը 11.30-ին: