Ռուսական Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը հայտարարել է, որ իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշումը, ըստ էության, կընդունվի հետին թվով:
«Որոշումը լինելու է ոչ թե իրավաբանական, այլ փաստացի, քանի որ ես այսօր էլ չունեմ անձեռնմխելիություն, և Մոսկվայի իմ գրասենյակում ստուգումներ են իրականացվել»,- «Ինտերֆաքսի» հետ հեռախոսազրույցում ասել է Եղիազարյանը:
Նա նաև հայտնել է, որ այս պահին գտնվում է Մեծ Բրիտանիայում:
«Ես Ռուսաստանից մեկնել եմ հունիսին, քանի որ իմ կյանքին վտանգ էր սպառնում», – ասել է պատգամավորն ու հավելել, որ այսօր էլ իր հասցեին սպառնալիքներ են հնչում:
Եղիազարյանը հայտարարել է նաև, որ կարող է նշել բոլոր նրանց անունները, ովքեր իրեն սպառնում են: Ավելի` այդ անունները հայտնի են նաև քննիչներին:
Ինչ վերաբերում է իրեն ներկայացվող մեղադրանքներին, ապա, Եղիազարյանի խոսքով, «դրանք պատվիրված բնույթ են կրում»:
«Օրենքն իմ կողմն է», – ասել է պատգամավորը և հույս հայտնել, որ արդարությունը կհաղթի, թեև Մոսկվա վերադառնալ ինքը այժմ չի պատրաստվում:
«Կսպասեմ իրադարձությունների հետագա ընթացքին», – հստակեցրել է նա: