Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի բացումից ի վեր մի խումբ գործարար պատգամավորներ, մասնավորապես, Լևոն Սարգսյանը` Ալրաղացի Լյով, Հարություն Փամբուկյանը, Տիգրան Արզաքանցյանը ԱԺ որևէ նիստի չեն մասնակցել, տեղեկացնում է օրաթերթը:
Խորհրդարանի պաշտոնական կայքէջում տեղադրված անհատական քվեարկություններ բաժնում քվեարկությունների պատկերը ցույց է տալիս, որ այս նստաշրջանի ընթացքում որևէ քվեարկության չեն մասնակցել նաև ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանը` Նեմեց Ռուբո, «Աշտարակ կաթի» սեփականատեր, դաշնակցական Աշոտ Ափոյանը, գեներալ Սեդրակ (Սեյրան) Սարոյանը: Բայց եթե այս վերջին խմբին նախորդ նստաշրջանում կարելի էր երբեմն-երբեմն խորհրդարանում, այդուհանդերձ, տեսնել, ապա Լևոն Սարգսյանի, Փամբուկյանի ու Արզաքանցյանի Աժ-ում երևալը պարզապես «հայտնություն» է: Եվ սա այն դեպքում, երբ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի 12 հոդվածի` պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայել է: Ինչպե՞ս է ստացվում, որ սույն պատգամավորների լիազորությունները չեն դադարեցվում: Պարզապես ամեն անգամ նրանք բժշկի թուղթ են բերում, որ առողջական խնդիրներ ունեն: Ու եթե հաշվենք, թե նրանք քանի անգամ են բացակայել ԱԺ նիստերից, ստացվում է, որ նրանց հիվանդությունը խրոնիկական է: Երեկ մենք հարցում ենք ուղարկել ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն` խնդրելով տեղեկատվություն տրամադրել, թե, օրինակ, Լևոն Սարգսյանը ԱԺ աշնանային նստաշրջանի ընթացքում քանի բացակա է ունեցել, քանի անգամ է ներկայացել ԱԺ նիստերին և սոցիալական հանձնաժողովի նիստերին, որի անդամ է նա ու նաև խնդրել ենք նշել, թե ինչ պատճառով է բացակայել: Պատասխան, սակայն, երեկ չստացանք, թեև խոստացան, որ օրենքով սահմանաված կարգով կպատասխանեն: Չնայած, կարելի է կռահել, թե ինչ է նշվելու պատասխանի մեջ: Հարց է առաջնում, եթե նշված պատգամավորները առողջական այդքան լուրջ խնդիրներ ունեն, որ տարիներ շարունակ հնարավոր չէ բուժել, ապա ինչ գործ ունեն խսրհրդարանում, եթե չունեն, որտեղից են բերում բժշկի թղթերը կամ` եթե նրանց խորհրդրանը չի հետաքրքրում, ապա ինչու վայր չեն դնում մանդատը: Պատասխանը թերևս մեկն է` որովհետև այդ մանդատը, ԱԺ կանոնակարգ-օրենքով և ՀՀ Սահմանադրությամբ, նրանց տալիս է անձեռնմխելիություն: Իսկ անձեռնմխելիությունը կոնկրետ այդ պատգամավորներին խիստ անհրաժեշտ է: