Հայաստանում պանրի գնի թանկացումը պայմանավորված չէ կաթի գնի բարձրացման հետ: Նման կարծիք է հայտնել նախկին վարչապետ, տնտեսագետ-փիլիսոփա Հրանտ Բագրատյանը:
Արարատյան դաշտում, ըստ մասնագետի, կաթի գինը ավելացել է 10 դրամով և կազմում է 110 դրամ, երկրի հյուսիսում այն չի փոխվել` 95 դրամ: «Միջազգային շուկայի մեր վերլուծությունը չի արձանագրել կաթի գնի կտրուկ փոփոխություններ, սակայն Հայաստանում պանրի գինը ավելացել է 45-60 տոկոսով», – հավելել է Բագրատյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանում արտադրվող պանրի տեսականու որակը շատ ցածր է. «Մեր պանիրների մեջ ահռելի քանակությամբ աղ և ջուր են լցնում: 30 տոկոսից ավել: Հենց դա է պատճառը, որ մարդիկ տառապում են աղային կուտակումներից: Մենք, փաստորեն, աղ ենք ուտում: Ի տարբերություն, օրինակ, պարմեզանի, որի մեկ կիլոգրամը մինչև 30 լիտր կաթ է պահանջում, հայկական պանիրը պահանջում է մոտ 7 լիտր կաթ: Այսինքն 20 դրամով կաթի թանկացման դեպքում, պանիրը պետք է թանկանա 140 դրամով»:
Կաթի շուկայում տեղի ունեցող զարգացումները նախկին վարչապետը բացատրեց ոլորտը` շաքարավազի, նավթամթերքի օրինակով մենաշնորհի վերածելու և մեկ մարդու ձեռքերում կենտրոնացնելու իշխանությունների ցանկությունով: