Այսօր Facebook սոցիալական ցանցում «Ընդդեմ ադրբեջանական ֆիլմերի» խումբը հայտարարել էր ֆիլմերի ցուցադրության համար նախատեսված վայրում` Մեդիակենտրոնում, հավաքվելու մասին, որպեսզի իրենց բողոքը հայտնեն ադրբեջանական ֆիլմերի ցուցադության դեմ:
Ըստ տեղեկատվության` բողոքողները պետք է հավաքվեին նշված վայրում ժամը 15:30-ին, սակայն այդ ժամին Մեդիակենտրոնի մոտ էր եկել ընդամենը երեք երիտասարդ:
Մեդիակենտրոնի ուսումնական հաստատության աշակերտների հետ զրույցում նրանք չեն նշել, որ եկել են բողոքելու նպատակով, այլ պարզապես ասել են, որ եկել են պարզելու, թե արդյոք ադրբեջանական ֆիլմերի փառատոնը կայանալու է:
Նշենք, որ այսօր Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ Գեորգի Վանյանը հայտարարություն-պարզաբանում էր տեղադրել Facebook-ում, որտեղ նշում է, որ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի վերաբերյալ Facebook-ում տեղադրված հայտարարության էջի ստեղծումն իր նախաձեռնությունը չէ և նշված` նոյեմբեր 2-4 ժամկետը չի համապատասխանում իրականությանը:
Պարզաբանման մեջ ասվում է, որ փառատոնի կոնկրետ օրվա վերաբերյալ առաջիկա օրերին հաղորդագրություն կլինի մամուլում: