Հայաստանի Հանարապետական կուսակցությունը միշտ պատրաստ է ընտրություններին, չնայած որ այժմ նախընտրական շունչը չկա: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանում չկա նախընտրական մթնոլորտ, բայց ՀՀԿ-ն ունի բազմաթիվ գրասենյակներ և համապատասխան ռեսուրսներ:
Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին, որոնք կկայանան 2012 թվականին, պատգամավորը նշել է, որ կարծում է` ՀՀԿ-ն լինելու է մեծամասնություն, «Բարգավաճ Հայաստանն» էլ կարող է զգալի թվով ներկայանալ, իսկ ընդդիմությունը` ի դեմս Հայ Ազգային Կոնգրեսի տեղեր կունենա ԱԺ-ում, եթե լավ աշխատի:
«Ընդհանրապես, պետք է քիչ խոսել, պետք է պատրաստվել ընտրություններին: Իսկ ՀՀԿ-ն ամեն ընտրությունից առաջ խնդիր ունի նախորդ ընտրությունների ժամանակ տված խոստումները կատարել, այսօր մենք այդ խնդիրն ունենք, և կարող եմ ասել, որ նույնիսկ տնտեսական ճգնաժամի պայմաններում կարողացել ենք որոշակի խնդիրներ լուծել»,- ասել է Գալուստ Սահակյանը:
Նա նշել է, որ Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որ ճգնաժամի պայմաններում սոցիալական բլոկին ձեռք չի տվել, և օրինակ է բերել Ֆրանսիան, որտեղ, ըստ բանախոսի, մինչ այժմ կա սոցիալական խնդիր:
«Իհարկե, մենք այն հանապազօրյա հացը չենք ստեղծել, որ դժգոհություն չլինի:
Կարող է` ժողովրդին չենք գոհացնում, բայց մենք կարողացել ենք կանգնեցնել տնտեսական ճգնաժամը և առաջիկայում նույնիսկ տնտեսական աճ է գրանցվելու»,- ասել է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը: