Home / Հայաստան / Մեդվեդևը Ղարաբաղի շուրջ անհիմն հայտարարություններ չէր անի. քաղաքագետ

Մեդվեդևը Ղարաբաղի շուրջ անհիմն հայտարարություններ չէր անի. քաղաքագետ

Ամփոփելով Աստրախանի հանդիպման արդյունքները` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ դեկտեմբերի 1-2-ին Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան վերջնականապես համաձայնեցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնք հիմք կհանդիսանան խաղաղ համաձայնագրի համար: 1news.az-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահի հայտարարությունը մեկնաբանել է ռուսաստանցի քաղաքագետ Մաքսիմ Բրատերսկին:

Նրա խոսքով` Դմիտրի Մեդվեդևը նման հայտարարություններ  չէր անի, եթե դրա համար հիմքեր չունենար:

«Նա պատասխանատու մարդ է, և նշանակում է, եթե նման բան է ասում, ուրեմն կան դրա նախադյալները: Սակայն ոչ մի տեղ անգամ չկան ակնարկներ, որ կարող են ձեռք բերվել պայմանավորվածություններ: Ոչ մի, ոչ մյուս կողմը նման կերպ չեն արտահայտվել: Այդ իսկ պատճառով դժվար է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, թե ինչ նկատի ուներ Ռուսաստանի նախագահը»,- ասել է քաղաքագետը:

«Խոսքը գնում էր այն մասին, որ կհամաձայնեցվեն կարգավորման սկզբունքները: Եվ դա նշանակում է` չի բացառվում, որ դրանք կլինեն ինչ-որ ընդհանուր դրույթներ: Այսպիսով, կսպասենք դեկտեմբերի սկզբին և կտեսնենք, թե ինչ կլինի Աստանայում: Անձամբ ես հույս ունեմ, որ ինչ-որ մի բան ձեռք կբերվի»,- եզրափակել է Բրատերսկին: