Google ընկերությունը խնդիրներ ունի Թուրքիայի կառավարության հետ, քանի որ կրկին ցանց է վերադարձրել այն տեսահոլովակները, որոնք, ըստ Թուրքիայի իշխանությունների, վարկաբեկում են Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին: Հենց այս հոլովակների պատճառով 2008 թվականին Թուրքիայում You Tube տեսանյութերի կայքը, որը պատկանում է Google-ին, արգելափակվել էր:
Այդ չորս հոլովակները նախորդ շաբաթ համացանցից հանվել են թուրքական խմբի ջանքերով, ովքեր իրենց «կամավոր» են անվանում և աշխատում են Թուրքիայի կառավարության հետ: Տեսահոլովակները հանելու համար խումբն օգտագործել է Google-ի հեղինակային իրավունքների պահպանման համակարգը:
Հիշեցնենք, որ կիրակի, դատարանի որոշմամբ, Թուրքիայի բնակչությունը կրկին հնարավորություն է ստացել օգտվել YouTube-ից 2.5 տարվա արգելքից հետո, քանի որ Աթաթուրքին վարկաբեկող տեսանյութերն արդեն հասանելի չեն: Այնուամենայնիվ, Google-ը հայտարարել է, որ վերաբեռնել է հոլովակները:
Թուրքիայի Հեռուստահաղոդակցության բաժնի տնօրինությունը, որը պատասխանատու է նաև համացանցային արգելքների համար, հայտարարել է, որ «մոտ օրերս հանդիպելու է You Tube-ի ներկայացուցիչների հետ»: