Հաշվի առնելով եղանակային փոփոխությունները` շվեդ-ավստրիական Garaventa Doppelmayer Group ընկերության աշխատակիցները, որ ներկայումս «Տաթևի թևեր» ճոպանուղու վրա են աշխատում, հայտարարել են ճոպանուղու աշխատանքների քառօրյա դադարի մասին:
«Ճոպանուղին չի գործելու մինչև շաբաթ, ինչը պայմանավորված է դրա ձմեռային ռեժիմին անցնելու անհրաժեշտությամբ: Այս աշխատանքներն իրականացվում են` համաձայն ժամանակացույցի: Ընդհանուր առմամբ սարքավորումները գտնվում են աշխատանքային վիճակում, և նշված աշխատանքներն անհրաժեշտ է կատարել տարեկան երկու անգամ` ձմեռային և ամառային աշխատանքային ռեժիմներին անցնելու դեպքում»,-հայտնել է «Տաթևի թևեր» ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը:
Այս մասին ասված է Ազգային մրցունակության հիմնադրամի մամուլի հաղորդագրության մեջ:
«Տաթևի թևեր» ճոպանուղին պաշտոնապես գործարկվել է հոկտեմբերի 16-ին: Այն ձգվում է Որոտանի կիրճի վրայով 5.7 կմ:
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն` հոկտեմբերի 23-ին ճոպանուղու ուղևորները` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գլխավորությամբ, մոտ 45 րոպե մնացել են անդունդի վրա կախված, որից հետո «Տաթևի թևեր»-ը չեն աշխատել: