Աստրախանում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի կողմից ստորագրված փաստաթուղթը Հայաստանի և Արցախի համար քաղաքական և միջազգային իրավական տեսանկյունից շատ վտանգավոր է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել Հայ Ազգային Կոնգերսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
«Նախագահների մակարդակով ստորագրվել է մի փաստաթուղթ, որով Հայաստանը ընդունել է, որ ինքը Ադրբեջանի հետ գտնվել է և գտնվում է պատերազմի մեջ: Եթե ինչ-որ համաձայնության են գալիս ռազմագերիների հարցում, ապա դա նշանակում է, որ նրանց միջև եղել է և կա պատերազմ: Իմ գնահատմամբ, եթե կար մի չնչին հնարավորություն Ղարաբաղին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ, ապա այն արդեն գոյություն չունի»,- հայտարարել է Դավիթ Շանհազարյանը:
Բանախոսը նաև նշել է, որ այս փաստաթուղթն Ադրբեջանի համար շատ լուրջ ձեռքբերում էր, շատ ավելի լուրջ, քան մինչև հիմա ստորագրված որևէ փաստաթուղթ, շատ ավելի լուրջ, քան վերջերս Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ում ներկայացրած բանաձևի նախագիծը:
«Հակամարտության ամբողջ էությունը 1998 թվականից սկսվել է խեղաթյուրվել, և այս փաստաթղթով այս փուլն ավարտվել է, ու սկսվում է մի նոր ծանր փուլ»,- ընդգծել է Շահնազարյանը:
Ընդդիմադիր գործչի խոսքով` աստրախանյան հանդիպումն անցել է ալիևյան օրակարգով և նրա պարտադրմամբ:
Խոսելով նաև Աստանայում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպման մասին` ՀԱԿ ներկայացուցիչն ասել է, որ, իր կարծիքով, այնտեղ չի ընդունվի ճանապարհային քարտեզ, այլ կուրվագծվեն կարգավորման շուրջ որոշակի քայլեր: