Վերջին շրջանում արտասահմանցի և ադրբեջանցի փորձագետներն ավելի շատ են սկսել խոսել այն մասին, որ Ադրբեջանը դանդաղ, սակայն անկասելիորեն շարժվում է դեպի իսլամիցազում: Երկրի երիտասարդության 48 տոկոսն արդեն հիմա պատրաստ է ապրել շարիատի օրենքներով: Այս մասին գրում է Մագերամ Զեյնալովը` newcaucasus.com կայքում:
Ադրբեջանի բնակչության 95 տոկոսը նոմինալ մահմեդական է, նրանց թվում շիաները 70-75 տոկոս են կազմում: Պաշտոնապես երկրի բոլոր մահմեդական կենտրոնների ղեկավարն է շիա շեյխ-ուլ-իսլամը: Վերջին 30 տարիների ընթացքում դա Ալլահշուքյուր Փաշազադեն է: Նրա տեղեկալն ավանդաբար սունի է:
Մահմեդականների երկու հիմնական ճյուղավորումների՝ սունիների և շիաների միջև բախումներ չեն լինում, նրանք հիմնականում նույն մզկիթներ են այցելում, որոնց թիվն Ադրբեջանում հասնում է 1400-ի:
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի ադրբեջանական բաժանմունքի ղեկավար Շահին Ռզաևը չի կարծում, որ Ադրբեջանը մոտ ապագայում կվերածվի մահմեդական պետության, ինչպես, օրինակ, Իրանը կամ Պակիստանը:
«Դժվար թե նաև իսլամամետ ուժերը իշխանության գան, ինչպես դա տեղի է ունեցել Թուրքիայում», – ասում են նա:
«Բայց իսլամիզացման մակարդակը երկրում աճում է ամեն տարի, և աչք փակել այս միտման վրա ծայրահեղ վտանգավոր է»:
Ռզաևը նշում է, որ տեղի ունեցող գործընթացի պատճառներից մեկն այն է, որ իշխանությունները լիովին ճնշել են քաղաքական ընդդիմությանը, զրկել են եթերից, հանրահավաքներ անցկացնելու և ընտրազանգվածի հետ հանդիպելու հնարավորությունից:
«Հենց այդ պատճառով էլ դժգոհ ազգաբնակչությունը, փոխանակ դուրս գա հանրահավաքի և գոռա «իստեֆա» (ադրբեջաներեն՝ հրաժարական), մզկիթ է գնում», – ասում է փորձագետը:
Ստեղծված իրավիճակից շատ լավ օգտվում են մահմեդական մոլլաները, ովքեր վարպետորեն մարդկանց մզկիթ են բերում, հատկապես՝ երիտասարդներին:
«Իշխանությունները դրա դեմ, այսպես կոչված, կացնային մեթոդներով են պայքարում՝ փակում են մզկիթները, արգելում են մահմեդական համայնքների գործունեությունը: Բայց սա «ջայլամի քաղաքականություն է»: Խնդիրը չի դադարում գոյություն ունենալ, պարզապես այն ընդհատակ է անցնում, որտեղ այն ավելի դժվար է վերահսկել», – նշում է Ռզաևը:
Դատելով Ադրբեջանի իշխանությունների գործողություններից՝ կարելի է ասել, որ նրանք լուրջ են վերաբերվում իսլամական խնդրին: Իշխանությունների ամենալուրջ գործողությունը ծայրահեղական մահմեդականների դեմ Աբու Բեքր մզկիթի փակումն էր: Դա տեղի ունեցավ նրանից հետո, երբ 2008 թվականին մզկիթում ահաբեկչական գործողություն իրականացվեց, որի արդյունքում երկու մարդ զոհվեց: Մզկիթում հավաքվածների վրա նռնակ նետած անհայտ անձին այդպես էլ չգտան:
Շատ հաճախ ռադիկալ մահմեդականներին կարելի է հանդիպել Ռուսաստանին և Իրանին սահմանամերձ վայրերում, այն է՝ երկրի հյուսիսում և հարավում: Իսլամիզացման վառ օրինակ է Նարդարան գյուղը, որտեղ արդեն տասը տարի է` պաշտոնական իշխանությունը ոչ թե պետությունն է, այլ սեփական ավագանու խորհուրդը: Նարդարանում անգամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվում: Այս գյուղն ամեն հարցում սեփական տեսակետն ունի: Նարդարանը չի ընդունում երկրում գործող ռեժիմը, հանդես է գալիս քաղաքական հայտարարություններով, գործում է, ինչպես «պետությունը պետության» մեջ:
Գյուղի դիրքորոշումը կայանում է հակաամերիկյան և հակաիսրայելական հայացքների մեջ: Ժամանակ առ ժամանակ Նարդարանում վառում են այլ պետությունների դրոշները, հաճախ՝ նույն ԱՄՆ-ի և Իսրայելի:
Այս տարիների ընթացքում իշխանությունները փորձեր են իրականացրել կարգ ու կանոն հաստատել գյուղում, սակայն դրանք ապարդյուն են անցել՝ ավարտվելով տեղի բնակիչների և ոստիկանության աշխատակիցների սպանություններով, ջարդերով և ոստիկանական մեքենաներն այրելով: Ժամանակ առ ժամանակ իշխանություններն անջատում են գյուղի գազը:
Նարդարանի բնակիչներից մեկը՝ Նիզամին, պատմում է, որ 20 տարի առաջ գյուղի բնակչության հիմնական մասը ջերմոցներում ծաղիկ էր աճեցնում և արտահանում արատասահման: Ինքը ծաղիկները տեղափոխում էր Ռուսատան՝ Տյումենի շրջան, և այնտեղ վաճառում: Նիզամին ասում է, որ ինքը բավական լավ գումար էր վաստակում, սակայն ներկայում մաքսատունը բիզնես վարելու համար ոչ հնարավորություն չի թողնում: Նիզամիի խոսքով՝ հենց աղքատանալու պատճառով էլ ինքը սկսել է ուշադրություն դարձնել իսլամի վրա:
Տարբեր վիճակագրական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում գործում է վահաբիթների 60 մզկիթ, որոնց մեծամասնությունը կառուցվել է Սաուդյան Արաբիայի տարբեր կազմակերխությունների կողմից ուղարկված գումարներով:
Ազգային անվտանգության նախարարությունը չի հերքում, որ այդ մզկիթների հոգևորականները կրոնական դաստիարակություն են ստացել Դաղստանում և Մերձավոր Արևելքում: Այունուամենայնիվ, վահաբիթների մասին ճշգրիտ տեղեկատվություն և վիճակագրություն երկրում գոյություն չունի: Jamestown համալսարանի տվյալներով՝ վահաբիթների հայտնվելը Ադրբեջանում համընկել է 1994 թվականին մեկնարկած առաջին չեչենական պատերազմի հետ: