Անգլիական «Տոտենհեմի» և իտալական «Ինտերի» միջև հանդիպումներն արդեն իսկ կարելի է այս տարվա Չեմպինոների Լիգայի խմբային մրցաշարի զարդն անվանել: 3-րդ տուրում A խմբի առաջատարները հանդիպեցին Միլանում, և «Ինտերը» 4:3 հաշվով հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ: Լոնդոնում կայացած պատասխան հանդիպումը նույնքան գոլառատ չստացվեց, սակայն այն անցավ էլ ավելի դրամատիկ և գեղեցիկ պայքարում:
Առաջին խաղակեսի ընթացքում ընդամենը 1 գնդակ գրանցվեց. 18-րդ րոպեին Լուկա Մոդրիչի հաշվենկատ փոխանցումն օգտագործեց Ռաֆաել վան դեր Վաարտը: Երկրորդ խաղակեսում «Տոտենհեմը» կրկնապատկեց հաշիվը: Առաջին հանդիպման ընթացքում հեթ-տրիկի հեղինակ դարձած Գարեթ Բեյլը ձախ եզրով հիանալի անցում ձեռնարկեց և գնդակը փոխանցեց Փիթեր Քրաուչին, ով մոտ տարածությունից գրավեց անպաշտպան դարպասը:
«Ինտերը» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը 80-րդ րոպեին, երբ Սամուել Էտո’Օն մոտ 18 մետրից կատարած գեղեցիկ հարվածով գրավեց Կառլո Կուդիչինիի պաշտպանած դարպասը: Սակայն 88-րդ րոպեին հիասքանչ հանդիպում անցկացրած Բեյլը ևս մեկ անցում կատարեց՝ գնդակը փոխանցելով փոխարինման դուրս եկած Ռոման Պավլյուչենկոյին, ով նույնպես գրավեց անպաշտպան դարպասը: 3:1 հաշվով հաղթանակից հետո անգլիական թիմը հավասարվեց «Ինտերին», այժմ երկու թիմերն էլ 7-ական միավոր ունեն: Նույն խմբում 5 միավոր է վաստակել հոլանդական «Տվենտեն», երկու միավոր ունի գերմանական «Վերդերը»:
A խումբ
Տոտենհեմ, Անգլիա – Ինտեր, Իտալիա 3:1
Վերդեր, Գերմանիա – Տվենտե, Հոլանդիա 0:2
Տոտենհեմ, Ինտեր՝ 7-ական միավոր, Տվենտե՝ 5 միավոր, Վերդեր՝ 2 միավոր
B խումբ
Բենֆիկա, Պորտուգալիա – Օլիմպիկ Լիոն, Ֆրանսիա 4:3
Հապոել Թել-Ավիվ, Իսրայել – Շալկե 04, Գերմանիա 0:0
Օլիմպիկ՝ 9 միավոր, Շալկե 04՝ 7 միավոր, Բենֆիկա՝ 6 միավոր, Հապոել՝ 1 միավոր
C խումբ
Վալենսիա, Իսպանիա – Գլազգո Ռեյնջերս, Շոտլանդիա 3:0
Բուրսասպոր, Թուրքիա – Մանչեսթեր Յունայթեդ, Անգլիա 0:3
Մանչ. Յունայթեդ՝ 10 միավոր, Վալենսիա՝ 7 միավոր, Գլազգո Ռեյնջերս՝ 5 միավոր,
Բուրսապոր՝ 0 միավոր
D խումբ
Ռուբին, Ռուսաստան – Պանատինաիկոս, Հունաստան 0:0
Կոպենհագեն, Դանիա – Բարսելոնա, Իսպանիա 1:1
Բարսելոնա՝ 8 միավոր, Կոպենհագեն՝ 7 միավոր, Ռուբին՝ 3 միավոր, Պանատինաիկոս՝ 2 միավոր