Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցել է ՌԴ կառավարության նախկին ղեկավար, ՌԴ նախագահի խորհրդական Վիկտոր Չեռնոմիրդինի մահվան կապակցությամբ:
«Խորը ցավով տեղեկացա ականավոր պետական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի Դաշնության նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի մահվան մասին։ Մեծ է Վիկտոր Չեռնոմիրդինի ներդրումը մեր երկրում էներգետիկ ենթակառուցվածքի կայացման ու զարգացման, 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման և աղետի գոտու վերականգնման, ինչպես նաև հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացման գործում։ Նրա շնորհակալ աշխատանքի շնորհիվ են ամրապնդվել այսօր էլ ակտիվորեն առաջադիմող երկկողմ տնտեսական հարաբերությունների հիմքերը։
Հայաստանի կառավարության և իմ անունից ցավակցում եմ Վիկտոր Չեռնոմիրդինի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին», – ասված է Տիգրան Սարգսյանի ցավակցական խոսքում։