ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովն այսօր գումարված նիստում ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև պանրի շուկայում ստեղծված իրավիճակին: Նշենք, որ վերջին շրջանում կտրուկ աճել է հայկական պանրի գինը, ինչն արտադորղները բացատրում են միջազգային շուկայում կաթի գնի բարձրացմամբ:
Հանձնաժողովի մամուլի ծառայությունը նշում է, որ պանրի գների բարձրացման մասին մամուլի հրապարակումներից և Հանձնաժողովի պարբերական մոնիթորինգի արձանագրած գների աճից անմիջապես հետո` հոկտեմբերի 22-ին Հանձնաժողով էին հրավիրվել պանրի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ:
Նրանք դարձյալ պարզաբանել էին, որ պանրի թանկացումը պայմանավորված չէ մրցակցությանն առնչվող խնդիրներով, այլ հետևանք է մթերվող կաթի գնի բարձրացման: Տնտեսվարողների այս պարզաբանումը նույն օրը Հանձնաժողովը նույնությամբ տրամադրել էր մամուլին և հասարակությանը:
Սակայն հաշվի առնելով, որ պանրի գնի բարձրացումը մեծ սոցիալական արձագանք է ստացել, և մամուլում թանկացման վերաբերյալ տարբեր վարկածներ են առաջ քաշվել, Հանձնաժողովն այսօր որոշել է սեփական ուսումնասիրությունն իրականացնել` պանրի գնի բարձրացման պատճառները բացահայտելու նպատակով:
Միաժամանակ, Հանձնաժողովը խնդրել է մամուլում հանդես եկող բոլոր այն տնտեսագետներին, քաղաքական և հասարակական գործիչներին, որոնք պանրի գնի բարձրացումը մեկնաբանում են մրցակցության ոլորտին առնչվող խնդիրներով, աջակցել Հանձնաժողովի ուսումնասիրությանը` ներկայացնելով խնդրին առչվող կոնկրետ փաստեր և հանգամանքներ: