Երևանի քաղաքապետարանի ծրագրերով այս տարվա հունիսին սկսված Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման առաջին փուլն ավարտված է։ Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
Նորակառույց ճանապարհը նոյեմբերի 4-ից լիովին երթևեկելի է։ Վեց ամիս տևած շինարարությունից հետո Ծիծեռնակաբերդի խճուղում նախկին միաշերտ երթևեկության փոխարեն երկկողմանի երկշերտ երթևեկություն է լինելու:
Ճանապարհը մոտ 5 մետրով լայնացվել է, անցկացվել է լուսավորության նոր համակարգ, ճանապարհի երկայնքով տեղադրվել է ջրահեռացման համակարգ, ինչի բացակայությունն այստեղ մշտական և լուրջ խնդիրներ էր առաջացնում։ Աշխատանքային շրջայցի ժամանակ Երևանի քաղաքապետի պահանջով նախագծի մայթերին վերաբերող հատվածը փոխվել է՝ 1.5 մետրանոցի փոխարեն կառուցվել են 3 մետր լայնությամբ մայթեր։
Զուգահեռաբար մեկնարկել է ճանապարհի երկրորդ փուլի շինարարությունը։ Ծիծեռնակաբերդի խճուղու միջնամասում կառուցվում է տրանպորտային էստակադա, որը առանց լուսացույցի շրջադարձ կազմակերպելու հնարավորություն է տալու:
Քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը տեղեկացրել է, որ դեպի Ցեղասպանության թանգարան և Մարզահամերգային համալիր գնացող ավտոմեքենաները էստակադայի կառուցումից հետո առանց միմյանց խանգարելու ետդարձ և ձախ շրջադարձ կկատարեն։
Էստակադայի հիմնական շինարարությունը կավարտվի մինչև տարեվերջ, իսկ ասֆալտապատումը կիրականացվի գալիք տարի։
Ճանապարհի երկրորդ փուլի շինարարությունը երթևեկությանը չի խանգարի։
Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցմանը Երևանի բյուջեից հատկացվել է մոտ 1 մլրդ 500 մլն դրամ, որից երկրորդ փուլին` 866 մլն դրամ։