Իրանի իշխանությունները գրավի դիմաց ազատ են արձակել կոսմետիկ միջոցների արտադրությամբ զբաղվող Oriflame ընկերության վաճառքի գծով տնօրենին, ով ձերբակալվել էր ընթացիկ տարվա օգոստոսին: Վերջինս Շվեդիայի քաղաքացի է:
Շվեդիայի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով`վաճառքի գծով տնօրենն արդեն լքել է Իրանի տարածքը, հաղորդում է BBC-ն:
2010 թվականի օգոստոսին Իրանի իշխանություններն արգելել էին Oriflame ընկերության գործունեությունը: Այն ժամանակ ընկերության ֆինանսական պատասխանատու Գաբրիել Բենեթը հայտարարել էր, որ Իրանի նման որոշումը կարող է կապված լինել ընկերության բիզնես-մոդելի հետ, ինչն իրանական իշխանությունները չեն ընդունում: Ընկերությունը կանանց հնարավորություն է տալիս աշխատել անմիջապես վաճառքի ոլորտում` հաճախորդների հետ: Բենեթի խոսքով`այժմ Իրանում մոտ 40 հազար կին է աշխատում Oriflame ընկերությունում:
Իսկ Իրանում հայտարարում են, թե ընկերության ներկայացուցչության արգելումը տնտեսական հիմքեր ունի: