ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Զիյաֆետ Ասկերովը դիմել է ՆԱՏՕ-ի համապատասխան մարմիններին և խնդրել առաջիկա օրակարգից հանել Լեռնային Ղարաբաղի հարցով իրենց իսկ առաջարկած բանաձևը, քանի որ դրա քննարկման օրերը համընկնում են Ադրբեջանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ:
Epress.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը տեղեկացրել է, որ իրենք ՆԱՏՕ-ից պաշտոնական գրություն են ստացել բանաձևի քննարկման հետաձգման վերաբերյալ:
«Նախ, երբ ՆԱՏՕ-ի ԽՎ-ն համաձայնեց Ադրբեջանի առաջարկած բանաձևի քննարկում անցկացնել, հայկական կողմը դեմ հանդես եկավ, բայց, ինչպես միշտ, ՆԱՏՕ-ն չընդունեց հայկական կողմի լեգիտիմ առաջարկը, և բանաձևն ընդունեց քննարկման»,- Epress.am-ին է փոխանցել Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով` 2 օր առաջ Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչնեը հավաքվել են, քննարկում անցկացրել, և որոշվել է միայն մի առաջարկով հանդես Վեհաժողովի ժամանակ` կապված բանաձևի երկրորդ կետի հետ, որը վերաբերում է, այսպես կոչված, «օկուպացված տարածքներին»:
«Սակայն ես ասել եմ, որ համամիտ չեմ միայն այդ առաջարկով հանդես գալու որոշման հետ, և պատրաստվում եմ մեկ տասնյակ առաջարկներով հանդես գալ, բայց այսօր ստացանք այդ գրությունը` քննարկման հետաձգման մասին»,- ասել է մեր զրուցակիցը:
Նա նաև հավելել է, որ հայկական կողմը պատրաստվում է պարզաբանում ստանալ ՆԱՏՕ-ից, թե ինչով է Ադրբեջանն արտոնյալ, որ նրա բոլոր առաջարկներն ու բանաձևերը ընդունվում են ի գիտություն:
«Իսկ սա արդեն Ադրբեջանի կապրիզն էր, որը ՆԱՏՕ-ի ԽՎ-ն կատարում է: ՆԱՏՕ-ն պիտի հասկանա, որ նման քայլերով կարող են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունները վատանալ»,- ասել է Ստեփան Սաֆարյանը:
Ի դեպ, ինչպես մեզ տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը, Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ բանաձևի քննարկումը տեղափոխվել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ի հաջորդ տարվա տարեկան նիստին, այն դեպքում, եթե գարնանը չգումարվի արտահերթ նիստ: