Լիազորված ներկայացուցիչների համազգային հավաքը, որը տեղի է ունենալու Թբիլիսիում նոյեմբերի 25-ին` Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով, սկսելու է իշխանական այլընտրանքային մարմիններ ստեղծել:
Վրացի իրավապաշտպան Էկա Բեսելիան հայտարարել է, որ «սկսվում է բողոքների ամենաորոշիչ փուլը, որը բարձր լեգիտիմությամբ է ուղեկցվելու»:
Նրա խոսքով` ժողովուրդը հետ է վերցնելու իշխանության մանդատը:
«Հավաքի ավելի քան 12 հազար պատվիրակներ են ներկայացնելու ողջ Վրաստանը: Եթե Սահակաշավիլիի դեմ որոշում ընդունվի, ապա գործողությունների մանդատը կհանձնվի որոշակի մարդկանց խմբի»,-ասել է իրավապաշտպանը:
Բեսելիայի խոսքով` իշխանություններին առաջարկելու են խաղաղ ճանապարհով հեռանալ, այլապես ժողովուրդը բոլոր թույլատրելի միջոցներով կհասնի դրան:
Իրավապաշտպանը նշել է նաև, որ, ըստ իր ունեցած տեղեկությունների, Վրաստանի ողջ տարածքով բողոքի ցույցեր և ակցիաներ են կազմակերպվելու:
«Այժմ փակ խորհրդակցություններ են իրականանում տարբեր կուսակցությունների հետ` նախաձեռնությանը սատարելու նպատակով»,- ամփոփել է Բեսելիան: