Վրաստանում կասեցվել է Saybolt միջազգային ընկերության վրացական մասնաճյուղի գործունեությունը, որի ղեկավարները ձերբակալվել են Ռուսաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով, գրում է Новости-Грузия-ն` վկայակոչելով ընկերության ներկայացուցչի հաղորդած տեղեկատվությունը:
Ընկերության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել ղեկավարության ձերբակալման փաստը`նշելով միայն, որ Բաթումում ընկերության գործունեությունը կասեցված է:
Saybolt ընկերության վրացական մասնաճյուղի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանն ու նրա տեղակալ Արմեն Շիկոյանը մեղադրվում են լրտեսություն իրականացնելու մեջ: Ընկերությունը տեղակայված է Բաթումում, որի հիմնական գործունեությունը կայանում է ներմուծվող և արտահանվող նավթամթերքի վերահսկման մեջ: Saybolt-ի կայքում նշված է, որ աշխարհի մոտ 50 երկրներում այն 70 գրասենյակ ունի:
Այսօր Վրաստանի ՆԳՆ-ի հետախուզության բաժնից հայտնել են, որ 2010 թվականի հոկտեմբերին լայնածավալ գործողություն է իրականացվել, ինչի հետևանքով մի խումբ մարդիկ են բացահայտվել, ովքեր կապված են ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության հետ: Իրականացված գործողությունների հետևանքով 13 մարդ է ձերբակալվել է, այդ թվում` Ռուսաստանի չորս քաղաքացի, ինչպես նաև վրացական ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներ: