«Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսիսյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում դերասան Կարեն Ջանիբեկյանի` «Ա1+»- ի օգտին դրամահավաք կազմակերպող «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից դուրս գալու մեջ:
Ինչպես Epress.am-ին փոխանցել է Մեսրոպ Մովսիսյանը, Ջանիբեկյանը զբաղվածության պատճառով է հրաժարվել անդամակցությունից:
«Նրա զբաղվածությունը շատ մեծ է, նա չի կարողացել մասնակցել խորհրդի մի քանի նիստերին: Իսկ նրա` խորհրդից դուրս գալու դիմումը մյուս անդամների կողմից նորմալ է ընդունվել»,- ասել է մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, որ իրենց տեղեկություններով` իշխանական շրջանակներից են Ջանիբեկյանից պահանջել «Ա1+»-ի հիմնադրամի հետ կապերը խզել, ինչն էլ դերասանը շատ արագ կատարել է:
Նշենք նաև, որ Epress.am-ը կապվել է խորհրդի անդամ Նունե Սարգսյանի հետ, ով հայտնել է, որ այսօր է վերադարձել Հայաստան և տեղյակ չէ Ջանիբեկյանի հեռանալու մասին: