Գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի երեկվա հրամանով ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Սայադ Շիրինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Օրաթերթը վերլուծում է պաշտոնանկության հնարավոր պատճառները:
Ժամանակին «ՉԻ»-ն նկատել էր և ընթերցողներին տեղեկացրել, որ երբ ոստիկանության տոնի կապակցությամբ Ալիկ Սերգեյիչին շնորհվեց գեներալ-լեյտենատի կոչում, Ոստիկանության պաշտոնական կայքէջում Սայադը զլացել էր փոխել ոստիկանապետի լուսանկարը, և նկարում երևում էին գեներալ-մայորի ուսադիրները, ավելին` ոստիկանապետի անուն-ազգանվան կողքին շարունակում էր մնալ «գեներալ-մայոր» գրառումը: Ընդ որում` կայքէջը, փաստորեն, չէր թարմացվում 10 օր շարունակ: Նույնկերպ Սայադը «չնկատելու» էր տվել ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի կոչումի բարձրացումը, և արդեն գեներալ-մայորը կայքէջում ներկայացված էր դեռևս գնդապետի կոչումով: Մենք տարակուսել էինք, թե ինչու չի թարմացվել կայքէջը, կարծիք հայտնելով, որ գուցե Սայադը «նեղացած» է, որ իրեն փոխոստիկանապետ չեն նշանակում: Նաև նկատել էինք, որ Շիրինյանն առանձնակի ոգևորությամբ միայն մամուլի հրապարակումները հերքելով է զբաղված, չնայած հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության գործառույթները շատ ավելի լայն են և լուրջ: