ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը ուղերձ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղարին, որում անընդունելի է համարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 16-ին Գորիսում սփյուռքահայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունները:
Բաքվում այն կարծիքին են, որ իր ելույթում Սերժ Սարգսյանը խոսել է «այլ ազգերի նկատմամբ հայ ազգի առավելության մասին, այդ թվում` ադրբեջանցիների նկատմամբ, ում նախագահը դասել է թուրք քոչվոր ցեղերի շարքին»: Բաքուն կոչ է անում «թույլ չտալ ղարաբաղյան հարցին միջռասայական և միջկրոնական երանգ հաղորդել»:
ՀՀ նախագահի պաշտոնական կայքի տվյալներով` հոկտեմբերի 16-ին Գորիսում Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Գենետիկների և լեզվաբանների մի մեծ գիտական խումբ, որտեղ չկա ոչ մի հայ, բարդ ու տևական ուսումնասիրություն է կատարել: Ըստ վերջին արդյունքների, հայոց լեզուն առնվազն 8 հազար տարվա պատմություն ունի: Սա նշանակում է, որ մենք իբրև ազգ գոյություն ունենք առնվազն 8 հազար տարի:
Ադրբեջանում ակնհայտ է հակահայկական ֆաշիզմի ծավալումը, որ իրականացվում է ծրագրված կերպով և ամենաբարձր մակարդակով: Խոսքը պետական գաղափարախոսության մասին է, ըստ որի «ներկայիս Հայաստանը ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի վրա»: Այսինքն` ոչ միայն Արցախը, այլև Երևանը, Սևանը, Սուրբ Էջմիածինը «պատմական ադրբեջանական հողեր» են: Վերջին անգամ այս մասին «իմացանք» հենց երեկ Ադրբեջանի նախագահի շուրթերից»:
Մեկնաբանելով Իլհամ Ալիևի այն փաստարկը, թե Արցախի որոշ տեղանուններ ադրբեջանական են, Սարգսյանը նշել է, որ երկրամասի Արցախ հայկական անունը վկայված է Քրիստոսի ծննդից առաջ 8-րդ դարում:
«Երկրամասի բնակչությունը հազարամյակների ընթացքում միատարր էր, այնտեղ ապրում էին բացառապես հայեր, ինչը հաստատում են նույնիսկ 18-րդ դարի թուրքական պաշտոնական աղբյուրները: Միայն 18-րդ դարի երկրորդ կեսից այստեղ սկսում են բնակվել աննշան քանակությամբ թուրք-մահմեդական քոչվոր ցեղեր, որոնց թվաքանակը անցյալ դարի սկզբներին հասավ հազիվ բնակչության ընդհանուր թվի հինգ տոկոսին», – նշել է ՀՀ նախագահը Գորիսում: