Նոյեմբերի 5-ին մի խումբ ադրբեջանցիներ Նիդեռլանդների Հաագա քաղաքի կենտրոնում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ ադրբեջանական բռնապետական իշխանությունների: Նրանք նամակ են հանձնել Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանատանը` խնդրելով ազատ արձակել բանտում գտնվող ադրբեջանցի բլոգերներ Ադնան Հաջիզադեհին և Էմին Միլիին, ինչպես նաև մի քանի լրագրողների, որոնք նույնպես զնդանում են:
Ակցիայի մասնակիցներն ավանակի պատկերներով հագուստ էին հագել, որով ցանկացել են ցույց տալ, որ իրենց կառավարությունը «ավանակային» քաղաքականություն է վարում: Ակցիայի յուրաքանչյուր մասնակից ձեռքին պաստառ էր պահել, որի վրա ադրբեջանցի իշխանավորների անունից մամուլին վերաբերվող որևէ արտահայտություն էր գրված, օրինակ, «Ես ավելի լավ եմ քնում, երբ լրագրող է սպանվում», «ես կարգելեմ նոր մեդիան», և այլն: Յուրաքանչյուր «ավանակ» մասնակից իր վրա կրում էր Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունը, այդ թվում` Իլհամ Ալիևի և նրա կնոջ Մեհրիբան Ալիևայի: Կազմակերպիչները նաև մամուլի հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և երկրի կառավարությունն ամոթալի քաղաքականություն են վարում:
«Վերջին 20 տարիների ընթացքում այս ռեժիմի պատճառով բազմաթիվ լրագրողներ են ձերբակալվել, հազարավոր մարդիկ են սպանվել, և միլիոնավոր մարդիկ թողել են երկիրը` իրենց սեփական ապահովության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես գրում է Azeri Report պարբերականը, անցյալ տարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիա կատարած այցի ժամանակ 40,000 եվրոյով ավանակ- հուշանվեր է գնել:
Այս կապակցությամբ երկու երիտասարդ բլոգերներ Ադնան Հաջիզադեհին և Էմին Միլիին ավանակի հագուստ են հագել` նման ձևով ծաղրելով Իլհամ Ալիևին` ցույց տալով, որ նա վատնում է պետական փողերը, և այդ տեսահոլովակը տեղադրել են You Tube կայքում:
Չանցած երկար ժամանակ նրանց ձերբակալել են և դատապարտել համապատասխանաբար 2.5 և 3.5 տարվա ազատազրկման:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ էր արել Իլհամ Ալիևին ազատ արձակել բլոգերներին, սակայն Ալիևը մինչ այժմ չի արձագանքել ԱՄՆ-ը նախագահի կոչին: