Home / Հայաստան / Թող ռեկտորներից ճշտեն, նոր գան. ՀՀԿ-ն նշեց հիմնադրման 20-րդ տարեդարձը

Թող ռեկտորներից ճշտեն, նոր գան. ՀՀԿ-ն նշեց հիմնադրման 20-րդ տարեդարձը

Այս շաբաթ շահագործման հանձնված վերանորոգված «Վստրեչի» կամուրջի մոտակայքում գտնվող շենքերի բնակիչների համար այսօրվա առավոտը սկսվեց Հանրապետական կուսակցության օրհներգի հնչյունների ներքո: Պարբերաբար հնչում էր նաև Արշակյան քույրերի «Մենք ենք մեր սարերը», ինչպես նաև «Մեր անունն է հայկական բանակ» երգը:

Այս` առանց այդ էլ աղմկոտ տարածքը, բացի խլացնող երաժշտությունից «լցվեց» նաև ՀՀԿ-ի և Հայաստանի դրոշներով, իսկ Էրեբունի-Երևան երգը շատերի հետաքրքրությունը հասցրեց գագաթնակետին:

Հավաքված մարդկանց բազմությունը նայում էր շրջաններից ժամանած ավտոբուսներին, որոնց մեկի վրա նաև ‏«ԵՊՀ» հապավումով ցուցանակ տեսանք:

Հավաքվածները շատ երկար ժամանակ չէին կարողանում պատասխան ստանալ այն հարցին, թե ինչ առիթով է կազմակերպվել միջոցառումը: Մի տարեց մարդ ենթադրեց, որ «‏երթ է կազմակերպվելու դեպի ՄԻԿԱ-ի ստադիոն», բայց դժվարացավ նշել երթի պատճառը: Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները քիչ թե շատ պատրաստված էին. նրանցից ոմանք գիտեին, որ երթը պիտի շարժվի նաև դեպի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն:

Մի երիտասարդ աղջնակ էլ` եռագույնը ձեռքին, հեռախոսով պատմում էր իր այստեղ գտնվելու պատճառների մասին.

«Ինստիտուտից բերել են եսիմինչ միջոցառման, դրոշակ-մրոշակ են բաժանել»:

Առավել հստակ պատասխան Epress.am-ի լրագրողին տվեց մոտ 28 տարեկան մի երիտասարդ աղջիկ, ով չցանկացավ ներկայանալ, սակայն նշեց, որ ՀՀԿ անդամ է. «Հանրապետական կուսակցության քսան տարին է»:

Մեր այն դիտարկմանը, թե ուսանողներից շատերը չգիտեն` ինչու են իրենց այստեղ բերել, ՀՀԿ անդամն ասել է.

«Դա արդեն ուսանողներին ասեք, թող իրանց ռեկտորներից ու ուսխորհրդի նախագահներից ճշտեն: Կարող ա տանում են ծախեն իրանց, ո՞ւր են գնում: Թող ճշտեն, նոր գնան»:

Նշենք, որ Գարեգին Նժդեհ փողոցի այս հատվածը դեռ երկար ժամանակ մնաց ՀՀ և հանրապետականի դրոշների գույներով զարդարված: Երթի չտեղեկացված մասնակիցների հակառակ կողմում մեծ թվով ոստիկաններ էին կանգնած, և երբ 20-ամյակը նշելու ցանկությամբ լցվածները «Հայաստան» վանկարկելով շարժվեցին առաջ, ոստիկանները հետևում էին, որ վերջիններս չշեղվեն երթևեկելի մասի աջ կողմից: