Նիկոլ Փաշինյանը չի ապրել և չի ապրում քրեական օրենքներով, այդ իսկ պատճառով էլ նրա հետ բախումները քրեակատարողական հիմնարկում անխուսափելի են: Epress.am-ի հետ զրույցում Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը ներկայացրել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի և այլ կալանավորների միջև պարբերաբար առաջացող խնդիրների պատճառները:
«Նույնիսկ բաց հասարակությունում, այսինքն` ոչ քրեակատարողական հիմնարկում, այսօր կան հակասություններ, արժեքների բախումներ, ինչպե՞ս հնարավոր է, որ փակ համակարգում, որտեղ քրեկան արժեքներն են գործում և որտեղ կա մեկը` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ով չի ապրել ու չի ապրում քրեական արժեքներով, չլինեն բախումներ»,- ասել է Արթուր Սաքունցը, ով այցելել է Նիկոլ Փաշինյանին քրեակատարողական հիմնարկում:
Մեր զրուցակիցը պատմել է, որ ինքը մի քանի ժամ զրուցել է նաև «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիայի ներկայացուցիչների հետ:
«Ադմինիստրացիան չգիտի` ինչպես վարվել քաղբանտարկյալի հետ, նրանք միայն գիտեն քրեական գործերով դատապարտված մարդկանց հետ ինչպես են վարվում:
Նույնիսկ քրեական աշխարհի ներկայացուցիչները չգիտեն` ինչպես վարվել Նիկոլի հետ: Դե իրենց չգրված օրենքներով գրելն ընդունված չէ, իսկ Նիկոլը գրող է, լրագրող է, ինչպե՞ս կարող է չգրել»,- ներկայացրել է իրավապաշտպանը:
Նա հավելել է, որ մի երկիր, որտեղ կան քաղբանտարկյալներ, և որտեղ «իշխանությունները նեղմիտ, պարզամիտ, կարճամիտ գործողություններ են կատարում և լրագրող են ազատազրկում, պետք է նաև մտածեին քաղաքական հայացքների համար ձերբակալված մարդկանց համար հատուկ քրեկատարողական հիմնարկ բացել»:
«Եթե Նիկոլի հետ որևէ բան պատահի, ապա դրա պատասխանատուն միայն քաղաքական իշխանությունը կլինի, այստեղ նույնիսկ ադմինիստրացիան մեղավորություն չունի: Նրանք կցանկանային օր առաջ Նիկոլ Փաշինյանին ազատության մեջ տեսնել, որպեսզի կարողանան հանգիստ աշխատել, նրանք էլ են կրակն ընկել, քաղաքական իշխանությունները թքած ունեն ադմինիստրացիայի վրա»,- ասել է Արթուր Սաքունցը:
Նա հավելել է, որ մենք բոլորս պետք է միշտ հետևենք, միշտ աչալուրջ լինենք Նիկոլ Փաշինյանի հետ կապված ցանկացած միջադեպին: