Home / Հայաստան / Հայաստանի ազգային պլատֆորմի անդամները փորձում են շտկել ճգնաժամային իրավիճակը

Հայաստանի ազգային պլատֆորմի անդամները փորձում են շտկել ճգնաժամային իրավիճակը

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի  Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) 24 անդամներ նոյեմբերի 4-ին հայտրարություն են տարածել, որում անհամաձայնություն են հայտնել 2010թ. սեպտեմբերի 16-ի ԱլԳ ՔՀՀ Հայաստանի համակարգող խորհրդի որոշման հետ, համաձայն որի խորհուրդը պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանին անվստահություն էր հայտնել:

Ստեղծված ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար նամակի հեղինակները առաջարկել են

1. ԱլԳ Քաղաքացիական հասարակության 1-ին և 2-րդ համաժողովների հայաստանյան պատվիրակներից ձևավորել ՔՀՀ ՀԱՊ կազմկոմիտե, որը կզբաղվի Հայաստանի ազգային պլատֆորմի կազմակերպական, այդ թվում նաև հերթական ժողովի հարցերով:
2. ՔՀՀ Հայաստանի ազգային պլատֆորմի 2-րդ համաժողովը գումարել համաձայն ՀԱՊ ընդունված կանոնակարգի` ս.թ. դեկտեմբերի 7-10-ն ընկած ժամանակահատվածում: 
3. Նույն կանոնակարգի համաձայն` ՀԱՊ համալրումը հայտարարել հերթական ժողովից հետ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Բորիս Նավասարդյանն իրեն անվստահություն հայտնելու որոշման վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել, որում, մասնավորապես, նշել էր. «Ընդունված որոշումները, մասնավորապես, ինձ` որպես Հայաստանի ազգային համակարգողի, անվստահություն հայտնելը համարում եմ միանգամայն չհիմնավորված, Համակարգող խորհրդի իրավասությունից դուրս և բացառապես ՀԽ մի քանի անդամների անձնական չբավարարված ամբիցիաներով պայմանավորված որոշում»: