ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի և Լոռու մարզեր:
Գեղարքունիքի մարզում նախագահը ծանոթացել է Սևան-Լճաշեն ճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ ջրածածկ հատվածների հիմնանորոգման աշխատանքներին: Սերժ Սարգսյանին զեկուցվել է, որ 2010 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ, նշված ճանապարհահատվածում պետական բյուջեի ֆինանսավորմամբ կատարվել են հիմնականում ափապաշտպան միջոցառումներ և հողային աշխատանքներ, 3400 մետր երկարության վրա տեղադրվել են մետաղյա արգելափակոցներ, կատարվել են նաև ճանապարհային պաստառի ամրացման աշխատանքներ:
Նախագահի հանձնարարությամբ` ճանապարհի դիտարկվող հատվածի ասֆալտապատման համար միջոցներ կտրամադրվեն, և եղանակային բարենպաստ պայմանների պարագայում` արդեն 2011թ. գարնան սկզբին ճանապարհը կասֆալտապատվի: Հանձնարարվել է նաև մինչ այդ ապահովել ճանապարհի անցանելիությունը:
Այնուհետև Սերժ Սարգսյանին ներկայացվել են ջրածածկ և ճահճացած տարածքներում Սևանա լճի մաքրման աշխատանքներ կատարելու համար նախատեսված «Ուոթերմաստեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորի տեխնիկական հնարավորություններն ու մաքրման ենթակա տարածքների քարտեզները:
Նախագահը հանձնարարություններ է տվել նաև լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների հետ կապված` ընդգծելով ջրի մաքրման կարևորությունը:
Ավարտելով աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզում` Սերժ Սարգսյանը մեկնել է Լոռի: