Լևոն Արոնյանը երկու տուրերից հետո Մոսկվայում անցկացվող Միխայիլ Տալի անվան հինգերորդ հուշամրցաշարում առաջատարների խմբում է: Առաջին տուրում Արոնյանը սպիտակներով փայլուն հաղթանակ տարավ Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում սևերով ոչ-ոքի խաղաց չինացի Վան Հաոյի հետ:
Սակայն, արդյունքներից զատ, հետաքրքիր է մրցաշարի ընթացքում Արոնյանի մերձշախմատային կյանքը: Առաջին տուրի հաղթանակից հետո Լևոնի հետ զրուցել է շախմատային վերլուծաբան Իլյա Օդեսկին, ում Արոնյանը պատմել է իր հաղթանակի հիմնական պատճառի մասին:
Արոնյանի խոսքով՝ ինքը Կրամնիկի հետ հանդիպումից առաջ պարտիային պատրաստվելու փոխարեն երկու ժամ քայլել է Մոսկվայի գրախանութներով: Արոնյանը փնտրում էր հանճարեղ ռուս խորհրդային գրող Անդրեյ Պլատոնովի երկերի ժողովածուն:
Լևոնը պատմել է, որ գտել է այն Նոր Արբատում գտնվող գրախանութում:
«Այժմ ես մինչև ատամներս զինված` պատրաստ եմ մրցաշարին», – ասել է Արոնյանը:
Նշենք, որ Անդրեյ Պլատոնովը (Անդրեյ Պլատոնովիչ Կլիմենտով, 1899-1951) ստեղծագործել է Խորհրդային Միությունում, սակայն հետապնդվել է ստալինյան ռեժիմի կողմից: Պլատոնովի որդին 1937 թվականին ձերբակալվել է «հակախորհրդային գործունեություն ծավալելու համար», Պլատոնովի ջանքերով ազատվել է 1940 թվականին, սակայն մահացել է թոքախտից 3 տարի անց: 1946 թվականից ի վեր գրողի ստեղծագործությունները դադարել են տպագրել, նա մահացել է 1951 թվականին նույնպես թոքախտից:
Պլատանովի հայտնի ստեղծագործություններն են՝ «Փոսորակը», «Երաջանիկ Մոսկվան», «Պոտուդան գետը»: