Նոյեմբերի 16-ի Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) բացվելու է «Պարապ վախտի խաղալիք» անվանումը կրող ցուցահանդես, որը փորձ է առաջին անգամ համադրել արվեստն ու քաղաքացիական ակտիվությունը Հայաստանում:
«Մենք մի քանի քաղաքացիական նախաձեռնությունների առաջարկեցինք համագործակցել և սեփական ցուցադրություններով հանդես գալ: Եղան քննարկումներ, և որոշվեց, որ նախաձեռնություններից կմասնակցեն միայն անհատներ»,- Epress.am-ի հետ զրույցում պատմել է ցուցահանդեսի համադրող Սեդա Շեկոյանը:
Նա ասել է, որ կա որոշակի հայեցակարգ, որի շրջանակներում անցկացվելու է ցուցադրությունը.
«Ընդունված է համարել, որ ակտիվիստը նա է, ով զբաղված է ուրիշների գործերով` կամավոր և առատաձեռն նվիրաբերող է, օրինակ, նվիրաբերում է իրեն հասարակական շահի համար: Ակտիվիստի կամավորությունն ու առատաձեռնությունն անհրաժեշտություն են: Այսօր նա պահանջում է ցանկալի աշխատանքի իր իրավունքը` այն տարածքը, որը մասամբ ազատվել է Սովետական Միության ֆորմալ փլուզումից հետո, որտեղ ակտիվիզմը` որպես քաղաքացիական առօրեական նախաձեռնություն, այսօրվա իմաստով հնարավոր չէր»,- հայեցակարգի մի հատված է ներկայացրել մեր զրուցակիցը:
Նրա խոսքերով` ցուցահանդեսի նպատակը սոցիալական ակցիա կոչվածը գեղագիտական դաշտ, արվեստի դաշտ բերելն է:
Շեկոյանը նշել է, որ ցուցահանդեսին ներկայացվող գործերը ակտիվիզմը նկարագրող ուղղվածություն ունեն, ինչպես, օրինակ, հայկական բանակում գրանցված վերջին դեպքերի շուրջ ծավալված քաղաքացիական ակտիվություն, երբ Երևանի գետնանցումներից մեկում արվեստագետները պատկերեցին սպանված զինվորի նկար (լուսանկարում), Մոսկվա կինոթատրոնի շուրջ ծավալված քաղաքացիական նախաձեռնությունը, Թեղուտի անտառների ոչնչացման դեմ նախաձեռնությունը: Ներկայացվող գործերից շատերը հենց բանակային աղմկահարույց դեպքերի վերաբերյալ են: Կան նաև այլ թեմաներ, ինչպես օրինակ պարապության թեմայով, հանրահավաքային թեմայով գործեր:
«Օրինակ, «Հիմա» երիտասարդական նախաձեռնությունից Տաթև Եսայանը հանդես է գալու բանակային թեմայով, իսկ գրող Արամ Պաչյանը ներկայացնելու է իր «Տխուր նավակներ» շարքի հանրահավաքային նկարագրությունը: Նաև նշեմ, որ ցուցահադեսին ներակայացվելու է նկարիչ Կարեն Օհանյանի «Մերկ ինքնադիմանկար» գեղանկարը, որը Նկարիչների Միությունում կազմակերպվող` «Մարմին. Նոր պատկերային արվեստը Հայաստանում» անվանումը կրող ցուցահանդեսին չի ներկայացվելու, պետք է ցուցադրվի մեր կազմակերպած ցուցահանդեսում, Օվսաննա Շեկոյանը` ակտիվիստի քանդակով, Հրաչ Գալստյանը` սոցիալական ակցիայի վերլուծությամբ»,- պատմել է Սեդա Շեկոյանը: