ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի և Հարավային Կովկասի երկրների հետ այդքան էլ բարվոք չեն: Բաքվում, Թբիլիսիում և նույնիսկ Երևանում կարծիք կա, որ Միացյալ Նահանգների կողմից իրականացվող քաղաքական ուղեգիծը տապալման եզրին է:
Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ի բոլոր ջանքերը` ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` առանց նախապայմանների և Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման, փաստորեն, դրական արդյունքներ չտվեցին: Այս մասին Caucasus Times-ին տված իր հարցազրույցում հայտարարել է ամերիկացի քաղաքագետ Արիել Քոենը, տեղեկացնում է 1news.az-ը:
«Հայ –թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններն այժմ այն նույն փուլում են, ինչ առնվազն երեք տարի առաջ էին: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որին սկիզբ դրվեց «Ֆուտբոլային դիվանագիտությամբ» և Ցյուրիխում ստորագրված արձանագրություներով, աստիճանաբար մոտեցավ վախճանին կամ առնվազն «քուն մտավ»»,- ասել է Քոենը:
Քոենի խոսքով` ԱՄՆ-ին այդպես էլ չհաջողվեց համոզել երկու երկրներին հրաժարվել հարաբերությունների նորմալ կարգավորմանը խոչընդոտող նախապայմաններից: Թուրքիայի պաշտոնատար անձինք չէին դադարում զուգահեռներ անցկացնել հայ-թուրքական գործընթացի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջև` հայտարարելով, որ երկու խնդիրները փոխկապակցված են, և անհնար է լուծել մեկն առանց մյուսի:
«Հիլարի Քլինթոնը հակառակն էր պնդում: Միաժամանակ նախագահ Օբամային հաջողվել է խզել հարաբերությունները տարածաշրջանում կարևոր դերակատարություն ունեցող մեկ այլ պետության` Ադրբեջանի հետ:
Վաշինգթոնը բավական երկար ժամանակ անտարբերության էր մատնում Ադրբեջանին` 2009-ի հուլիսից երկրում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր թողնելով: Այս փաստը լրջորեն անհանգստացնում է ադրբեջանական իսթեբլիշմենթին: Նախագահ Օբամայի վարչակազմը նշում է, որ Ադրբեջանը աշխարհիկ մահմեդական երկիր է, որտեղ ժողովրդի էլիտար հատվածն առաջնորդվում է արևմտյան արժեքներով, և ունենալ նման գործընկեր Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի սահմանին պակաս կարևոր չէ ԱՄՆ-ի համար»,- հայտարարել է Քոենը: