Եվրոպական հանձնաժողովի Թուրքիային վերաբերող 2010 թվականի «Առաջընթացի զեկույցի» տվյալներով` այդ երկրում խոսքի ազատության բացակայությունը շարունակում է լուրջ խնդիր հանդիսանալ, գրում է Hurriyet-ը:
«Բաց և ազատ քննարկումներ տեղի են ունենում: Այնուամենայնիվ, բռնության դեմ հանդես եկող լրագրողների, գրողների, հրապարակախոսների և քաղաքական գործիչների ձերբակալություններն ու դատերը դեռ շարունակվում են»,- նշվում է զեկույցի նախագծային տարբերակում:
Զեկույցի պաշտոնական տարբերակը հասանելի կլինի երեքշաբթի:
Նախագծում նաև նշվում է, որ Թուրքիան շարունակում է հետադիմական հայացքներ պահպանել էթնիկ, լեզվական և կրոնական հարցերի ոլորտում:
«Քաղաքական կյանքում, բացի թուրքերենից, որևէ այլ լեզվի կիրառումը դատական գործընթացի է հանգեցնում, իսկ դատարանները քուրդ քաղաքական գործիչների նկատմամբ հակասական որոշումներ են կայացնում»,-նշվում է զեկույցում: