Ի տարբերություն Թուրքիայի` Իրանը միշտ էլ հեռու է եղել կովկասյան տարածաշրջանից: Վրաստանի հետ վիզային ռեժիմի վերացումից հետո իսլամական պետությունն ավելի մոտ է հայտնվել: Այս մասին «Սահակաշվիլին փոխում է հովանավորների՞ն» հոդվածում գրում է վրացական Georgia Times պարբերականը:
Վրաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրի վերացման մասին համաձայնությունը ստորագրվել է նոյեմբերի 3-ին` Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթաքիի` Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում: Այսուհետ երկու երկրների քաղաքացիները կարող են մինչև 45 օր մյուս կողմի տարածքում մնալ առանց մուտքի արտոնագրի: Թբիլիսիի և Թեհրանի միջև վերականգնվել է նաև օդային կապը, որը դադարեցվել էր 2000 թվականին:
Թեհրանի համար Վրաստանի հետ հարաբերությունները մաքուր քաղաքականություն է: Արգելափակված լինելով միջազգային հանրության կողմից` այն համառորեն միջոցներ է փնտրում իր ազդեցությունն ընդլայնելու համար:
Պարբերականն ուշադրություն է դարձնում այն փաստի վրա, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում Թեհրանն արդեն վաղուց անցել է կոնկրետ տնտեսական նախագծերի իրականացմանը: Հայ-իրանական համագործակցությունը զարգանում է երկու հիմնական ուղղություններով` նավթամուղի և երկաթգծի կառուցում, ինչպես նաև համագործակցություն էներգետիկայի ոլորտում:
Նավթամուղի կառուցումը մոտ 200 միլիոն դոլար է պահանջում: Երկաթգծի կառուցումը երկու անգամ թանկ է լինելու, սակայն այն Հայաստանին հնարավորություն կտա դուրս գալ տրանսպորտային արգելափակումից: Այս նախագծերը ֆինանսավորման բարդ կառուցվածք ունեն, բայց հիմնականում կառուցվելու են Իրանի հաշվին:
Իրանի և Ադրբեջանի միջև նույնպես երգաթգիծ է կառուցվելու: Ադրբեջանի տարածքում երկաթգծի շատ փոքր հատվածն է լինելու, սակայն այն կկրճատի Ռուսաստանի, եվրոպական պետությունների և Իրանի միջև ճանապարհը:
Հայաստանի և Ադրբեջանի հետ ճանապարհային նախագծերն ու Վրաստանի հետ վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնությունն Իրանին հնարավորություն կընձեռեն նկատելի հաջողությունների հասնել Կովկասում:
Այսպիսով, կովկասյան երկրների շուկան ուղղվում է հարավ, իսկ տարածաշրջանում ազդեցության տեսակետից Թեհրանը հավասարվում է Թուրքիային, ամփոփում է Georgia Times-ը: