Նոյեմբերի 25-ին Հայաստանի 7 հասարակական կազմակերպություններ բողոքի ակցիա և երթ կանցկացնեն Երևանում` ի հիշատակ ամուսնու և սկեսրոջ կողմից դաժան ծեծի ենթարկված և սպանված 20-ամյա Զարուհի Պետրոսյանի (նկարում):
Epress.am-ի հետ զրույցում «Կանանց ռեսուրսային կենտրոնի» գործադիր տնօրեն Լառա Ահարոնյանը փոխանցել է, որ մինչ ակցիայի անցկացումը նամակներ են ուղարկվելու ՀՀ նախագահին, Կառավարությանը, Ազգային Ժողովին և Արդարադատության նախարարությանը` պահանջելով հետևողական լինել, որպեսզի Զարուհի Պետրոսյանի սպանության գործով դատավարություն արդար ընթացք ունենա և արդար դատավճիռ կայացվի:
«Ակցիային միացել են «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ն, «Կանանց իրավունքների կենտրոնը», Թուֆենկյան հիմնադրամի «Կանանց աջակցության կենտրոնը», «Զանգակատուն» հ/կ-ն, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը և «PINK Armenia» հասարակական կազմակերպությունը: Մենք կոալիցիա ենք ստեղծել և միասին պայքարում ենք կանանց իրավունքների համար Հայաստանում»,- ասել է Լառա Ահարոնյանը:
Նա տեղեկացրել է, որ ակցիան սկսվելու է Երևանի Կասկադ համալիրից, և երթով գնալու են դեպի հրապարակ` ցույց տալով, որ իրենք հետևողական են և աչալուրջ հետևելու են դատավարության ընթացքին:
«Ինչպես նաև ստորագրահավաք և դրամահավաք ենք անցկացնելու. Զարուհու զավակը նրա մահից հետո որբ է մնացել, քանի որ նրա ամուսինը հայրությունը չի ճանաչում: Մենք դրամահավաք ենք նախատեսել, որպեսզի այդ երեխան 18 տարեկան դառնալուց հետո որոշակի գումար ունենա: Պատրաստվում են նաև բանկում հաշվեհամար բացել նրա համար, քանի որ սփյուռքից էլ արդեն շատ կան մարդիկ, ովքեր պատրաստ են աջակցել Զարուհու որդու համար նախատեսված դրամահավաքին»,- մեզ հետ զրույցում ասել է Լառա Ահարոնյանը: