«Բնական է` դուք պետք է քննադատեք, որովհետև դուք էլ խնդիր ունեք քննադատելու իշխանությանը, որովհետև, եթե ընդդիմադիր դաշտում կա պառակտում, ապա Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու համար պետք է կոշտ հայտարարություններ անել»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը` դիմելով ասուլիսի մեկ այլ մասնակից` ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանին:
«ՀԱԿ-ի մեջ կան մարդիկ, որոնք համաձայնել են այն մտքի հետ, որ արտահերթ ընտրություններն այլևս հետևում են», – մանրամասնել է Սահակյանը:
Կարապետյանը հակադարձեց վերջինիս` նշելով, որ «որևէ մեկը չի շեղվել ծրագրային դրույթից»:
Նրա խոսքով` նորություն չէ, որ ՀՀԿ-ի խոստումները` կապված մարդու իրավունքների հետ, «այն չորս բանաձևերը, որոնք ընդունվել են ԵԽԽՎ-ի կողմից, ի կատար չեն ածվել, մասնավորապես, Ազատության հրապարակը կրկին մնում է շրջափակված, և մենք ունենք քաղբանտարկյալներ»:
«Ակնհայտ է, որ իրավիճակը մարդու իրավունքների հարցով, թեև տարբերվում է 2008 թվականի մարտի 1-ին հաջորդած վիճակին, բարվոք չէ: Կարծում եմ` դրա համար պատասխանատվությունը կրում է Հանրապետական կուսակցությունը», – ասել է ՀԱԿ ներկայացուցիչը:
«Ինչ լինում է մարդու իրավուքների հետ կապված` դուք նշում եք մարտի մեկ: Դա մեր պետության և ազգի ամենացավոտ էջերից մեկն է: Դուք նշում եք քաղբանտարկյալներին, մենք ասում ենք, որ քաղբանտարկյալները քաղաքական հայացքների համար բանտակրված մարդիկ են, իսկ այդ մարդիկ այսօր կալանավորված են որպես քրեական հանցագործեր», – ի պատասխան հայտարարել ՀՀԿ-ական պատգամավորը: