Թումանյանի անվան զբոսայգին այսօր հասարակությանը ներկայանում է որպես ժամանակակից և ավելի հարմարավետ բացօթյա ժամանցի վայր: Այգու բարեկարգմամբ զբաղվել է «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ Հայաստանյան մասնաճյուղը:
Զբոսայգուն կից կառուցվում է երիտասարդների ստեղծագործական տեխնոլոգիաների կենտրոնը, որտեղ «Սիմոնյան կրթական հիմնադրամը» բարեգործական հիմունքներով իրականացնելու է երիտասարդների կրթությունը:
Բարենորոգման աշխատանքները բաժանված են եղել փուլերի, որոնցից թերևս ամենակարևորը զբոսայգու խնամքը ապահովելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումն էր: Այսպիսով, առաջին փուլում ավարտվել են զբոսայգու ողջ տարածքում` մոտ 49 000 քմ, ոռոգման համակարգի ներդրման աշխատանքները, ինչպես նաև զբոսայգու ողջ տարածքով` ներառյալ Հալաբյան փողոցի երկայնքով ձգվող մայթերի բարեկարգման և լայնացման աշխատանքները: Այժմ դրանք հարմարավետ են ոչ միայն զբոսանքի, այլ նաև առավոտյան վազքի համար:
Երկրորդ փուլը մասշտաբային ծառատունկն է, որի մի մասը նախատեսվում է իրականացնել նոյեմբերի 8-14-ը ընկած ժամանակահատվածում և որի ընթացքում տնկվելու է մոտ 400 ծառ: Տնկվելիք ծառերի թիվը հետագա սեզոնների ընթացքում նախատեսվում է հասցնել 2000-ի:
Ծառատունկին զուգահեռ սկսվել է այգու «կերպարանափոխման» հաջորդ փուլը, որի ընթացքում շահագործման կհանձնվեն սպորտային տարածքները` ֆուտբոլի և բասկետբոլի դաշտերը, զուգարանը, ինչպես նաև պիկնիկի զոնաները, որոնք քաղաքացիների համար կլինեն անվճար:
Նշենք, որ զբոսայգին շարունակելու է մնալ հանրային իր գործունեության ողջ ընթացքում: