Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն անհանգստանում է իր ընտանիքի անվտանգության համար: Բրիտանական The Sunday Telegraph թերթին տված հարցազրույցում` Լուժկովն ասել է, որ ստիպված է եղել իր դուստրերին Լոնդոն ուղարկել, քանի որ նրանց համար Ռուսաստանում մնալը կարող է վտանգավոր լինել:
«Ես և կինս լուրջ հիմքեր ունենք նրանց անվտանգության համար անհանգստանալու համար»,- հայտարարել է Լուժկովը: Նրա խոսքով` իր և իր կնոջ հանդեպ ատելությունը, որն առկա է ողջ Ռուսաստանում, կարող է վնասել ընտանիքի ամենանուրբ անդամներին` իր երեխաներին:
Նախկին քաղաքապետը նշել է նաև, որ իր աղջիկները` 18-ամյա Ելենան և 16-ամյա Օլգան, Լոնդոնում են ապրելու գալիք 4-6 տարիների ընթացքում: Նրանք նախ կսովորեն անգլերեն լեզուն, ինչից հետո կընդունվեն տեղի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը: Լուժկովը չի նշել, թե բրիտանական որ համալսարանում են սովորելու աղջիկները: Արդեն հայտնի է, որ Լուժկովի աղջիկներից մեկն արդեն դուրս է եկել Մոսկվայի պետական համալսարանից:
«Ես և կինս մեծ դժվարությամբ ենք նման որոշում կայացրել: Աղջիկների համար էլ շատ դժվար էր թողնել ուսումը Ռուսաստանում»,- ամփոփել է Մոսկվայի նախկին քաղաքապետը: