Հարավային Կովկասն այն վայրերից է, որտեղ բնակիչները սիրում են ասել, որ իրենց ճնշում է «պատմության բեռը»:
«Սակայն որքան շատ ժամանակ է անցնում, այնքան քիչ եմ ես նրանց հետ համաձայնում», – ասում է վաշինգթոնյան «Կարնեգի հիմնադրամի» ավագ գիտաշխատող, Կովկասի գծով փորձագետ Թոմաս դե Վաալը:
Նրա խոսքով` կովկասյան տարածաշրջանի մասին իր ուսումնասիրությունների ընթացքում ինքը մի քանի պատմական օրինակ է հայտնաբերել, որոնք չեն համապատասխանում Կովկասում առկա մի շարք քաղաքական գաղափարախոսություններին:
Որպես ցայտուն օրինակ դե Վաալը նշում է, որ 1820-ական թվականներին հայերն ու ադրբեջանցիները միասին կռվել են ցարական Ռուսաստանի բանակում թուրքերի դեմ: Ալեքսանդր Պուշկինն անձամբ տեսել է ադրբեջանցիներից կազմված վաշտը, որը կռվում էր Կարսում Օսմանյան կայսրության բանակի դեմ, և անգամ բանաստեղծություն է նվիրել սպաներից մեկին` Ֆարհադ-բեկին:
Դա նշանակում է, նշում է դե Վաալը, որ մենք պետք է զգույշ լինենք` «թուրք-ադրբեջանական մշտական դաշինքի մասին» դատողություններ անելիս, որոնք ղարաբաղյան հիմնախնդրի պարագայում հաճախ ազդում են քաղաքական դիրքերի վրա (չնայած, գուցե, ոչ այդքան հաջող, բայց, այնուամենայնիվ, հայ-թուրքական հարաբերությունների ընթացքն արդեն իսկ նման դատողությունները հարցականի տակ է դնում):
Դե Վաալը խոսում է նաև աբխազների օրինակի մասին, որոնց ցարական Ռուսաստանի իշխանությունները, ի տարբերություն վրացիների, թուրքամետ էին համարում, և խոսում էին նրանց մասին որպես «վայրենիների»:
Մի շարք օրինակներ բերելով` նա նշում է, որ հարց է ծագում աբխազ-ռուսական հարաբերությունների երկարատևության և ռուս-վրացական հարաբերությունների խնդրահարույց բնույթի մասին:
Իր հոդվածում դե Վաալը գրում է, որ տարածաշրջանում պատմական փոփոխականությունն ապացուցում է, որ հակամարտությունները Կովկասում մշակութաբանորեն կանխորոշված չեն և պայմանավորված չեն ազգերի «էթնիկ անհամատեղելիությամբ» և «հավերժ ատելությամբ», իսկ դա նշանակում է, որ հակամարտությունները կարող են վերանալ` փոփոխվող շահերի և հաշվարկների արդյունքում: