Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հրաժարվել է մեկնաբանել ռուսական Взгляд թերթի այն տեղեկատվությունը, համաձայն որի հայկական ծագում ունեցող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Արմեն Գևորգյանն ու Ռուբեն Շեկոյանը, ովքեր Վրաստանում ձերբակալվել էին որպես «Գլխավոր հետախուզական վարչության լրտեսներ», կարող էին նաև աշխատել Հայաստանի օգտին:
«Մենք մամուլից տեղեկացել ենք, որ Վրաստանում Ռուսաստանի օգտին լրտեսություն իրականցնելու կասկածանքով հայկական ծագումով քաղաքացիներ են ձերվբակալվել: Սակայն Արտգործնախարարությունը չի մեկնաբանում մամուլի հայտարարությունները»,- ասել է Բալայանը:
Նշենք, որ թբիլիսյան «Քվիրիս պալիտրա» պարբերականի հաղորդմամբ` Աջարիայում ձերբակալված գործարարները կապված են եղել ծովային բեռնափոխադրումների հետ և կարող էին տեղեկատվություն ունենալ Բաթումիի և Փոթիի նավահանգիստներում ռազմական նշանակություն ունեցող բեռների մասին:
Արտերկրից գնված ռազմական տեխնիկան Վրաստանը ներմուծում է հիմնականում Փոթիի միջոցով և «այս հատվածում տեղադրված հետազոտական կենտրոնների միջոցով հեշտությամբ կարելի էր տեղեկատվություն ստանալ»,- գրում է պարբերականը:
Գործարարները կարող էին տեղեկատվությունը նաև հայկական կողմին տրամադրել, քանի որ Փոթիի միջոցով Ուկրաինայից, Բելառուսից, Արևելյան Եվրոպայի երկրներից ռազմական տեխնիկա է ստանում նաև Ադրբեջանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր 13 լրտեսների ձերբակալման մասին, այդ թվում` Ռուսաստանի 4 քաղաքացու: Մոսկվան տեղի ունեցածը «քաղաքական ֆարս» էր անվանել: