ՀՀ տնտեսական մրցակցության պահպանության պետական հանձնաժողովի պատվիրակությունը` Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի գլխավորությամբ, մեկնել է Շվեյցարիա` մասնակցելու նոյեմբերի 8-12-ն անցկացվող մրցակցության պաշտպանության հարցերին նվիրված ՄԱԿ-ի 6-րդ համաժողովին:
Յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ ՄԱԿ-ի համաժողովում քննարկվում է որևէ կոնկրետ երկրի մրցակցային իրավիճակը, որի արդյունքում միջազգային կազմակերպությունները լուրջ աջակցություն են ցուցաբերում տվյալ երկրի մրցակցային իրավիճակի բարելավմանը:
Այս տարի համաժողովում ներկայացվելու է Հայաստանը: Այդ նպատակով նախապես Հայաստան էին ժամանել ՄԱԿ-ի փորձագետներ, որոնք ՀՀ ՏՄՊՊՀ-ի հետ համատեղ աշխատանքի արդյունքում նախապատրաստել են Հայաստանում մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված համալիր զեկույց, հաղորդում է Հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Այդ զեկույցը Շվեյցարիայի մայրաքաղաքում կներկայացվի համաժողովի մասնակից երկրների մրցակցային մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Զեկույցի հրապարակման և քննարկման արդյունքում Հայաստանին կտրամադրվի մրցակցային իրավիճակի հետագա կատարելագործմանն ուղղված աջակցություն:
ՄԱԿ-ի 6-րդ համաժողովի ընթացքում ելույթ կունենա նաև ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` ներկայացնելով Հանձնաժողովի անցած ուղին և նախանշված բարեփոխումները: