Հայաստանի երկու քաղաքացիներին փորձել են բարձր հարստացված ուրան վաճառել մի խումբ մարդկանց, որոնք, իրենց տեղեկություններով, ահաբեկիչներ են եղել: Վաճառքի փորձը կատարվել է մարտ ամսին, իսկ արդեն ապրիլին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ բարձր հարստացված ուրանը փորձել են վաճառել իսլամիստական ահաբեկչական խմբավորումներից մեկին:
Սակայն դեպքի բոլոր մանրամասները հայտնի են դարձել երեկ, գրում է Daily Telegraph-ը: Վրաստանի դատախազության ներկայացուցիչները հայտնել են, որ գործով անցնում են գործարար Սմբաթ Տոնոյանը և ֆիզիկոս Հրանտ Օհանյանը, ովքեր փորձել են ծխախոտի տուփի մեջ 18 գրամ բերել Թբիլիսի: Երկուսն էլ ընդունել են իրենց մեղքը: Վրացական պաշտոնական աղբյուրների համաձայն, Հայաստանի քաղաքացիները 18 գրամ ուրանը ցույց են տվել պոտենցիալ «կլիենտներին» և հայտնել են, որ իրականում նրանք ունեն մինչև 150 գրամ բարձր հարստացված ուրան: Ուրանի համար, ըստ վրացական Ներքին գործերի նախարարության, հայերը 1,5 միլիոն դոլար են պահանջել:
Տոնոյանն ու Օհանյանը մտածել են, որ իրենց «կլիենտները» իսլամիստ ահաբեկիչներ են, սակայն իրականում դրանք եղել են Վրաստանի ազգային անվտանգության աշխատակիցները:
Daily Telegraph-ը նշում է, որ տվյալ դեպքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ բարձր հարստացված ուրանի «առևտուրն» իրականում ակտիվ է նախկին ԽՍՀՄ-ում և դրա մասին շատ քիչ բան է հայտնի: