Ամենակարևորն է ունենալ նորմալ ընտրություններ, որպեսզի բնակչությունը վստահ լինի, որ ընտրություններն անցան ազատ, արդար և թափանցիկ: Նման հայտարարությամբ մամուլի ասուլիսի ընթացքում հանդես եկավ ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:
«Չեն բարձրանում աշխատավարձերը, սոցիալական վիճակը վատթարանում է, Հայաստանի մեկուսացումը շարունակվում է և այս դեպքում 10-15 տոկոսը, որ պետք է իշխող կուսակցությունը հավաքի` օգտագործելով ամբողջապես իշխանապես ռեսուրսները, միայն դա է», – ասաց Կարապետյանը:
ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանն, իր հերթին, կոչ արեց բոլոր ուժերին «ընտրությունները չսկսած, չսկսենք փնովել»:
«Պետք է հասարակության մեջ ձևավորենք վստահության մթնոլորտ և օր առաջ պաստառներով և դրոշակներով փողոցներ դուրս չգանք և ասենք, որ տեղի են ունենալու ընտրակեղծիքներ», – ասաց Սահակյանը:
Նշելով, որ ՀԱԿ-ը միայն հանրահավաքներով չի տեղեկացնում իր անելիքների մասին և մշտապես հանդես է գալիս իր մոտեցումներով` Կարապետյանը հայտարարեց. «Մեր աշխատանքը ամենօրյա ռիթմով է իրականացվում և ոչ միայն հանրահավաքի»:
Անդրադառնալով ընտրական օրենսգրքին` ՀԱԿ ներկայացուցիչն ընդգծեց, որ իշխանությունների կողմից քաղաքական կամք կդրսևորվի և բնակչության համար տեսանելի կլինի այն դեպքում, «երբ որևէ մեկի մոտ աշխարհում և հատկապես Հայաստանում կասկած չլինի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ»:
Ըստ Վլադիմիր Կարապետյանի` եթե ՀԱԿ-ի ներկայացրած և այլ «տրամաբանական» առաջարկները չընդունվեն, դա կլինի վառ ապացույց այն բանի, որ որոշում է կայացվել չգնալ ազատ ընտրությունների: