Հայ Ազգային Կոնգրեսի կողմից «Երևան» հյուրանոցի մոտ անցկացվող պիկետի մասնակիցների թիվն ավելանում է: Երիտասարդ ակտիվիստներին արդեն միացել են ներկայացուցիչներ Գյումրիից և Մարալիկից:
Նշենք, որ այսօր Երևանում անցկացվում է «Եվրամիություն-Հայաստան. Քաղաքացիական հասարակության համաժողով»-ը, և Կոնգրեսի ներկայացուցիչներն իրենց բողոքի ձայնն են ցանկանում հասցնել եվրոպացի պաշտոնյաներին:
Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցները սկսել են անգլերեն կարգախոսներ վանկարկել` կոչ անելով եվրոպացի պաշտոնյաներին ազատ արձակել քաղբանտարկյալներին: Երիտասարդները նաև կիթառ են նվագում և երգում են: Ուշագրավ է, որ պիկետի այն մասնակիցները, ովքեր առավոտյան էին ժամանել հյուրանոցի մոտ, գտնվում են ոստիկանների շղթայում, իսկ նոր ժամանածները` այդ շղթայից դուրս: Վերջիններիս չեն թույլ տալիս միանալ հիմնական խմբին, Շառլ Ազնավուրի հրապարակում առաջացել են կուտակումներ և մայթը, փաստորեն, փակվել է: Հիմնական խմբին թույլ չեն տալիս միանալ նաև ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Մաթևոսյանին, ով Epress.am-ի հետ զրույցում նշել է հետևյալը.
«Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը որևէ առիթ բաց չի թողնում նույնիսկ եվրոպացիներին ապացուցելու, որ սա ոստիկանապետություն է: Իսկ այդ ընդարձակ արգելափակոցի գոյությունը, նույնիսկ մայթը փակելն ապացուցում է, որ այս ոստիկանական գործողությունը խելամտությունից բավականին հեռու է: Առաջնորդվում են բնազդով և կարծում են, որ սրանով կարող են արգելել պիկետի մասնակիցների և սեմինարի մասնակիցների կենդանի շփումը»:
Հիշեցնենք, որ այսօր մոտ 10:00-ի սահմաններում պիկետի մասնակիցների վրա հարձակվել են ոստիկանները և սկսել են խլել նրանց պաստառները: Երիտասարդները պառկել են գետնին, իսկ ոստիկանները քաշքշելով և հարվածելով նրանցից չորսին` Սարգիս Գևորգյանին, Արեգ Գևորգյանին, Վահագն Գևորգյանին և Սարգիս Խաչատրյանին նստեցրել են ոստիկանական մեքենաներ և հեռացել տարածքից: