«Երևան» հյուրանոցի մոտակայքից Հայ Ազգային Կոնգրեսի չորս ակտիվիստներին ոստիկական մեքենաներով տանելուց հետո Կոնգրեսի երիտասարդների բողոքի ակցիան շարունակվում է: Ոստիկանները մեծ խմբով շրջապատել են ակտիվիստներին, ակցիայի անցկացման վայրում է նաև ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը:
Լրագրողը նրան հարց են ուղղել` թե ինչու են ոստիկանները հարձակվել բողոքի ակցիայի մասնակիցների վրա` նշելով, որ նրանք լուռ կանգնած են:
«Առայժմ լուռ են կանգնած, որովհետև քիչ են», – ասել է Մելքոնյանը` հիշեցնելով, որ հոկտեմբերի 19-ի պիկետի ժամանակ Կոնգրեսի ներկայացուցիչները Մատենադարանի մոտ իրենց ակտիվ էին պահում
«Կշատանան, կտեսնեք», – ասել է Մելքոնյանը` այդպես էլ չպատասխանելով հարձակման մասին հարցին: Նշենք, որ ընդհարման պահին Ռոբերտ Մելքոնյանը դեպքի վայրում չի եղել:
Հիշեցնենք, որ այսօր մոտ 10:00-ի սահմաններում պիկետի մասնակիցների վրա հարձակվել են ոստիկանները և սկսել են խլել նրանց պաստառները: Երիտասարդները պառկել են գետնին, իսկ ոստիկանները քաշքշելով և հարվածելով նրանցից չորսին` Սարգիս Գևորգյանին, Արեգ Գևորգյանին, Վահագն Գևորգյանին և Սարգիս Խաչատրյանին նստեցրել են ոստիկանական մեքենաներ և հեռացել տարածքից: Ինչպես մեզ հաղորդել է Սարգիս Գևորգյանի քույրը` լրագրող Անի Գևորգյանը, նրա եղբայրն արդեն ոստիկանության բաժնից զանգահարել է իրեն և հայտնել, որ ոստիկանները երիտասարդներին ծեծի են ենթարկում: