Այս պահին Շառլ Ազնավուրի հրապարակ են բերվել մարդու մարմին հիշեցնող և կախաղան հանած պարկեր, որոնց վրա գրված է «Ազատ մամուլ», «Ազատություն», «Մարդու իրավունքներ», «Արդարություն» և «Ժողովրդավարություն»:
Ինչպես հայտնում է Epress.am-ի թղթակիցը, կախաղանի մոտ են կանգնեցվել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի լուսանկարներով` ստվարաթղթից պատրաստված ֆիգուրներ, որոնք էլ, ըստ ակցիայի կազմակերպիչների մտահղացման, կախաղան են հանել վերոնշված գաղափարները:
Նշենք, որ ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, ով այդ ընթացքում գտնվում էր Շառլ Ազնավուրի հրապարակում, փորձել է մուտք գործել «Երևան» հյուրանոց, սակայն ոստիկաններն արգելել են նրան:
«Չենք թողնում, որովհետև մենք գիտենք, ինչ եք ուզում անել: Ուզում եք մտնել, սաղ խառնել», – ասել է ոստիկաններից մեկը:
Հիշեցնենք, որ այսօր Երևանում անցկացվում է «Եվրամիություն-Հայաստան. Քաղաքացիական հասարակության համաժողով»-ը, և Կոնգրեսի ներկայացուցիչներն իրենց բողոքի ձայնն են ցանկանում հասցնել եվրոպացի պաշտոնյաներին: Այսօր մոտ 10:00-ի սահմաններում պիկետի մասնակիցների վրա հարձակվել են ոստիկանները և սկսել են խլել նրանց պաստառները: Երիտասարդները պառկել են գետնին, իսկ ոստիկանները քաշքշելով և հարվածելով նրանցից չորսին` Սարգիս Գևորգյանին, Արեգ Գևորգյանին, Վահագն Գևորգյանին և Սարգիս Խաչատրյանին նստեցրել են ոստիկանական մեքենաներ և հեռացել տարածքից: Այս պահին երիտասարդները գտնվում են Կենտրոնի ոստիկանության բաժնում: