Այսօր առավոտյան «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքից Հայ Ազգային Կոնգրեսի ակցիայի ընթացքում բերման ենթարկված ակտիվիստ 4 երիտասարդներ` Վահագն Գևորգյանը, Արեգ Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը և Սարգիս Խաչատրյանը, իրենց լավ են զգում, առողջական լուրջ խնդիրներ չունեն: Այս մասին Epress.am-ին փոխանցել են երիտասարդների փաստաբաններ Վահե Հովսեփյանը և Գիվի Հովհաննիսյանը:
Վահե Հովսեփյանը մեզ տեղեկացրել է, որ կարծում է` բերման ենթարկված ՀԱԿ անդամներին բաց կթողնեն: Մյուս փաստաբանը` Գիվի Հովհաննիսյանը մեզ տեղեկացրել է, որ երիտասարդներն անցել են դատաբժշկական քննությունը:
Այժմ նրանք գտնվում են Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժնում:
«Ի սկզբանե օրենքի խախտմամբ են երիտասարդներին բերման ենթարկել, և հիմա էլ, երբ արդեն լրացել է 4 ժամն օրինականորեն նրանց անազատության մեջ պահելու, անհայտ է, թե ինչու են նրանց պահում»,- ասել է փաստաբանը:
Հավելենք, որ այժմ արդեն ՀԱԿ-ի երիտասարդների կազմակերպած ակցիան Երևան հյուրանոցի առջև ավարտվել է: ՀԱԿ-ի ակտիվիստները մեզ փոխանցեցին, որ այժմ գնում են ՀԱԿ կենտրոնական գրսասենյակ և այնտեղ արդեն կորոշեն իրենց անելիքը` գնալ Կենտրոնի ոստիկանություն, որտեղ ազատազրկված երիտասարդներն են, թե ոչ: