Այս պահին Երևանի ոստիկանության «Կենտրոն» բաժնում են գտնվում այսօր առավոտյան Շառլ Ազնավուրի հրապարակում պիկետի մասնակից Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդները, ովքեր ոստիկանների կողմից բերման էին ենթարկվել 10:00-ի սահմաններում:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, ով գտնվում է ոստիկանության շենքի մոտ, այս պահին 4 երիտասարդների` Սարգիս Գևորգյանի, Արեգ Գևորգյանի, Վահագն Գևորգյանի և Սարգիս Խաչատրյանի հետ բաժնում են գտնվում երկու փաստաբաններ` Վահե Հովսեփյանն ու Գիվի Հովհաննիսյանը:
Երիտասարդներին բաժին բերման ենթարկելու պաշտոնական ժամ է գրանցվել 10:30-ը: 13:30-ին լրանում է երիտասարդների ոստիկանությունում գտնվելու 3 ժամը, և, համաձայն օրենքի, նրանց կամ պետք է բաց թողնեն կամ մեղադրանք առաջադրեն:
Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը Epress.am-ի հետ զրույցում հայտնել է, որ իրենց գրասենյակի ներկայացուցիչը նույնպես եղել է ոստիկանության բաժնում: