Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա հանրահավաքին հաջորդեց բազմամարդ երթ, որն առաջնորդում էր ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Երթի մասնակիցները վանկարկում էին Համաժողովրդական շարժման կարգախոսները, սակայն ոստիկանները հատկապես զայրացան, երբ մարդիկ սկսեցին վանկարկել` «Սերժիկ, մարդասպան»:
Այդ պահին Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը և ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը հարձակվեցին երթի մասնակիցների վրա ու սկսեցին քաշքշել նրանց:
Մելքոնյանը, չկարողանալով զսպել իր զայրույթը, նույնիսկ սկսեց բարձրաձայն հայհոյել երթի մասնակիցներին: Վերոնշյալ ոստիկանները նման պահվածք էին դրսևորում ողջ երթի ընթացքում, սակայն լարված իրավիճակները հարթվում և վեճերը կանխվում էին Կոնգրեսի ներկայացուցիչներ Ավետիս Ավագյանի և Արմեն Համբարձումյանի կողմից:
Երթն ավարտվեց Հյուսիսային պողոտայում, որտեղ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը դիմեց ընդդիմության համակիրներին.
«Մեր արածը բավարարում է իշխանափոխություն անելու համար, ուղղակի մի քիչ համբերություն, մի քիչ նպաստավոր վիճակ, մի քիչ կամք և հաղթանակը մոտենում է: Հավատացե’ք, սրանց պզոֆիկացիայի գործընթացը լուրջ ձախողումներ է բերելու իրենց համար, մեր խնդիրն է համբերատար ցանկացած իրենց սխալից բռնել»:
Արամ Մանուկյանի խոսքի ավարտից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժեշտ տվեց հավաքվածներին և հեռացավ Հյուսիսային պողոտայից: