Հայ Ազգային Կոնգրեսի` այս պահին ընթացող հանրահավաքի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը խոսել է Հայաստանում վերջին շրջանում նկատվող պանրի գների թանկացման մասին:
«Մենք ուսումնասիրել ենք շուկան, և իսկապես գները 20 տոսկոսով բարձրացել են», – ասել է Բագրատյանը՝ նշելով, սակայն, որ շրջաններում գինը չի փոխվել:
Նրա խոսքով՝ խնդիրը կաթի փոշու շուկայի մոնոպոլիզացման մեջ է, ինչպես դա առկա է շաքարավազի շուկայում:
«Իսկ Պետեկամուտների կոմիտեի ղեկավարի մակարդակով ոչինչ չի արվում հարցը լուծելու համար», – նշել է Բագրատյանը:
Նա անդրադարձել է նաև մեքենաների ապահովագրության խնդրին՝ այստեղ նույնպես մենաշնորհային միտում տեսնելով:
Բագրատյանի խոսքով` Հայաստանի իշխանություններն այլ երկրներում քննադատվող օրենքները փորձում են կիրառել նաև մեր երկրում:
Նա կարծիք է հայտնել, որ պարտադիր ապահովագրությանը հետևելու է այն, որ ավոտտեխսպասարկման ձեռնարկությունները կենտրոնանալու են օլիգարխների ձեռքում: ՀՀ նախկին վարչապետը նշել է, որ կա այն միտումը, որ ցանկանում են քաղաքացիներից խլել ինքուրույն ևս մեկ հատված և այն տալ օլիգարխիկ համակարգին:
«Մենք դեմ ենք նման պարտադիր մեթոդներին, կարծում ենք, որ պետությունը պետք է օրենսդրորեն և կամավոր ձևով թույլ տա դա անել», – ասել է Բագրատյանը՝ անդրադառնալով մեքենաների պարտադիր ապահովագրությանը: